Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նշվեց Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձը

21.09.2012

Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձն Արմավիրի մարզի բոլոր համայնքներում նշանավորվեց տոնական միջոցառումներով: Իսկ Արմավիր քաղաքում առանձնահատուկ տոնական տրամադրություն էր. մարզային ու քաղաքային իշխանությունները, Հայ առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի օրհնությամբ, ծաղիկներ ու ծաղկեպսակներ  դրեցին Արցախյան հերոսամարտում զոհվածների և անհայտ կորածների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Տոնական օրը շարունակվեց Արմավիրի թիվ 1 մշակույթի տանը: Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի կողմից հնչեցված տերունական աղոթքով ազդարարվեց միջոցառման մեկնարկը: Ապա շնորհավորելով բոլորին` Սրբազան Հայրը նշեց. <<Ինչպես քրիստոնյա հավատքն է ասում, թե եկեղեցու հիմքերը նահատակների արյամբ շաղախվեցին, այնպես էլ մեր հայրենիքի հիմքերը, մեր անկախությունը հաստատվեց ու շարունակում է ամրապնդվել նահատակների արյամբ և այսօր ապրող հայորդիների աննկուն կամքի ու ստեղծագործ աշխատանքի շնորհիվ>>:

Օրվա առթիվ  շնորհավորանքի խոսք  հղեց նաև մարզպետ Աշոտ Ղահրամանյանը` ասելով.

<<Սրբազան հայր, սիրելի հայրենակիցներ, հարգարժան տիկնայք ու պարոնայք,

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության պանծալի 21-րդ տարեդարձի առթիվ: Իսկապես վիթխարի ու մեծ է այսօրվա բացառիկ խորհուրդը: Այն մեր ազգային ակունքներից մինչև այս պահը, բոլոր տոների խորհրդանիշն է` իր ուսերին 21 տարի, իր թիկունքում` ավելի քան 21 դար:

Մեր ժողովրդի կյանքում անշրջելի իրադարձություններ կան, որոնք առանցքային նշանակություն են ունեցել նրա դարավոր երազանքների իրականացման, նրա ազնիվ պայքարի և արժանապատիվ հաղթանակների ապահովման համար:

Հանդիսավոր այսպիսի պահերին մենք ուղղակի պարտավոր ենք վսեմորեն գնահատել ազատագրական պայքարի և գոյապահպանության համար զինվորագրված սերունդներին, ովքեր դիմակայել են մեզ շրջապատած անկիրթ ցեղերին, մեզ ու աշխարհին հայտնի մեր դարավոր թշնամիներին:

Ահա թե ինչու է թանկ Սարդարապատով և Արցախով փառահեղորեն անցած մեր ժողովրդի այսօրվա ոգևորությունը, որը դարձել է մեր տոնացույցի բարձրագույն ու ոսկետառ էջը, մեր հպարտության, իրավունքի, պետականորեն և սահմանադրորեն հաստատված Անկախության օրը:

Պատմությունը եղավ այն իրողության վկան, որ ժողովուրդը ոչ միայն կարողացավ ցրել 20-րդ դարասկզբի ազգակործան ամպերը, այլև իր զավակների կամքով ու համառությամբ` այդ նույն դարի դժվարին քառուղիներում ապացուցեց լինելիության իր վերընթաց ուղին: Այսօր պիտի հպարտանանք, որ հայրենյաց բախտով ապրեց հայ շինականը, հանուն ազգային նպատակի կռվեց հայ զինվորը և հանուն մեծ ապագայի` իր տան և օրոցքի լույսով հրավառվեց հայ մոր նվիրական ոգին:

20-րդ դարը, իսկապես, եղավ կողմնորոշվելու, խիզախումների և ինքնահաստատման շրջան, և մեր ժողովուրդը պատմության երերուն կշեռքի վրա ամուր պահեց իր իմաստնության նժարը, քայլ առ քայլ բարձրացավ` ժողովրդի հոգում բորբոքելով ազատության կրակն ու վերջնական խաղաղություն հաստատելով մեր հինավուրց հողի վրա:

Սիրելի բարեկամներ, ամեն ինչից վեր է հող-հայրենին և ամեն ինչից թանկ է ազատության համար արյուն թափած հայ քաջորդիների կյանքը:

Մեր հանդիսավոր պահին փառավորելով նրանց անունն ու գործը` մեկ րոպե լռությամբ հարգենք իրենց արյամբ հերոսացած սերունդների անմար հիշատակը:

Հարգելի բարեկամներ, մեր բովանդակ կյանքն իմաստավորող աշնանային այս բերկրալի օրը, սոսկ օրացուցային նշանակետ չէ, այլ համազգային ուժերի միավորման ստուգատես, համագործակցության, զարգացումների, պետության կողմից աջակցության` տնտեսության, կրթության, առողջապահության և մյուս ոլորտներում ձեռք բերված նվաճումների բարձրակետն է:

Մեր հանրապետության նախագահը և պետությունը պահանջում են քաղաքացիներից, որ այն, ինչ ձեռք է բերվել, պետք է ավելացվի ու բազմապատկվի: Իսկ որպես անվտանգության գերագույն երաշխիք` մշտական աջակցություն լինի մեր երկրի ու նրա ժողովրդի հզորագույն պաշտպանին` հայեց բանակի առավել կայունացմանը:

Յուրաքանչյուրս մեր տեղում պետք է հստակորեն գիտակցենք, որ մեր երկիրն ամեն մեկիս կարիքն ունի, հատկապես հիմա, երբ աշխարհը բազում ու բազմաթիվ խնդիրներ ունի. քաղաքական, տնտեսական ճգնաժամի, մեծ մրցակցության և գլոբալ այլ խնդիրների ուղղությամբ:

Ահա թե ինչու տոնական այս պահը ոգևորության իր ալիքով մեզ` բոլորիս պետք է ուղղորդի` նվիրվելու Անկախ Հայաստանի ձեռք բերած արժեքներին, հավատարմորեն ծառայելու այն նպատակների իրականացմանը, որոնք մեծ փայփայանքներով երազում էին տեսնել մեր նախորդները:

Ուրեմն` փառք և հզորություն մեր ժողովրդին ու մեր պետությանը, որ տոնական ամեն մի նոր հանդիպում դարձնում են առաջիկա մեծ ծրագրերի իրականացման սկիզբ:

Կեցցե' մեր Անկախ Հայաստանի 21-րդ տարեդարձը, փառք ու պատիվ մեր բազմավաստակ ու ստեղծագործ ժողովրդին>>:

Այնուհետև ելույթ ունեցան Արմավիրի քաղաքապետարանի արվեստի դպրոցի և մշակույթի տան սաները` իրենց շնորհաշատ կատարումներով ոգևորելով ներկաներին:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-10-19 11:57:55