Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն ընդունեց Ռ. Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի սաներին
25.09.2012
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Արմավիրի Ռուբեն Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի հինգ մասնագիտական ուղղությունները /հասարակագիտական, տնտեսագիտական, բնագիտական, լեզվագրական և ֆիզմաթ/ ներկայացնող այն 30 սաներին, որոնք ընդգրկված են եղել "Ժողովրդավարությունը սկսվում է քեզանից” ծրագրում: Ընդունելությանը ներկա էին նաև դպրոցի տնօրեն Սիմա Եղիազարյանը և կրթօջախում ծրագրի համակարգողները:
Եվրոմիության կողմից ֆինանսավորվող «Ժողովրդավարությունը սկսվում է քեզանից» եռափուլ ծրագրի շրջանակներում Կոնրադ Ադենաուեր հիմնադրամն իր գործընկերներ հոլանդական Ֆրայ Էդուարդո հիմնադրամի և Հարավկովկասյան «Եվրոպական ուսմունքների դպրոցների» հետ միասին Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի 60 դպրոցների /յուրաքանչյուր երկրից 20 դպրոց/ շուրջ 1800 սաների հետ իրականացնում է քառօրյա դասընթացներ` թեմատիկ քննարկումների, վերլուծությունների տեսքով: Արդյունքում յուրաքանչյուր դպրոցում ձևավորված խումբ ընտրում է իր պատվիրակին` Հարավկովկասյան երիտասարդների պառլամենտում` ներկայացուցչությունը Վրաստան: Վրաստանում ամեն երկրից ընտրվում են ևս 5 պատվիրակներ` Բրյուսել մեկնելու և Եվրոպական խորհրդարանում ծրագրի երրորդ փուլին մասնակցելու նպատակով:
Ռուբեն Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցն արդեն երրորդ տարին է, ինչ մասնակցում է վերը նշված ծրագրին, և այս տարի Հարավկովկասյան երիտասարդների պառլամենտում կրթօջախը ներկայացնող Սայիդա Անտոնյանը Վրաստանում ընդգրկվել է նաև Բրյուսել մեկնող պատվիրակների խմբում և Եվրոպական խորհրդարանում մասնակցել է ծրագրի երրորդ փուլին:
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շնորհավորեց ներկաներին ծրագրի շրջանակներում նման հաջողության հասնելու համար և կոչ արեց չսահմանափակվել ձեռք բերածով և ձգտել ավելիին` բարձր պահելով և կրթօջախի, և մարզի հեղինակությունը: <<Վստահ եմ, որ մասնակցելով այս և նմանատիպ այլ ծրագրերի` դուք կավելացնեք ձեր պատկերացումները քաղաքական համակարգերի և հասարակական կյանքում դրանց ազդեցության վերաբերյալ և մեծ կյանք կմտնեք առավել պատրաստված ու կդառնաք մեր հասարակության համար պիտանի անհատներ>>,- աշակերտներին ուղղված իր խոսքում նշեց մարզպետը` միաժամանակ կոչ անելով նրանց երբեք չկորցնել դիմացինին լսելու ունակությունը և մարդկանց վերաբերվել այնպես, ինչպես կցանկանան, որ իրենց վերաբերվեն:
Այնուհետև մարզպետը կրթօջախի սաներին տեղեկություն ներկայացրեց մարզային իշխանության գործունեության, իր իսկ կողմից իրականացվող գործառույթների և տարբեր ոլորտներում իր պաշտոնավարման շուրջ վեց տարիների ընթացքում իրականացված աշխատանքների, ունեցած ձեռբերումների և նախատեսվող ծրագրերի մասին: Նա պատասխանեց նաև աշակերտներին հետաքրքրող հարցերին:
Շնորհակալություն հայտնելով մարզպետ Աշոտ Ղահրամանյանին ջերմ ընդունելության համար` դպրոցի տնօրեն Սիմա Եղիազարյանը համոզմունք հայտնեց, որ մարզային իշխանության ղեկավարի հետ հանդիպումը դրական ազդեցություն կունենա կրթօջախի սաների հետագա գործունեության վրա, և նրանց կմղի առավել մեծ հաջողությունների: