Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունեց Ռ. Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի սաներին

25.09.2012

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Արմավիրի Ռուբեն Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի հինգ մասնագիտական ուղղությունները /հասարակագիտական, տնտեսագիտական, բնագիտական, լեզվագրական և ֆիզմաթ/ ներկայացնող այն 30 սաներին, որոնք ընդգրկված են եղել "Ժողովրդավարությունը սկսվում է քեզանից” ծրագրում: Ընդունելությանը ներկա էին նաև դպրոցի տնօրեն Սիմա Եղիազարյանը և կրթօջախում ծրագրի համակարգողները:

Եվրոմիության կողմից ֆինանսավորվող «Ժողովրդավարությունը սկսվում է քեզանից» եռափուլ ծրագրի շրջանակներում Կոնրադ Ադենաուեր հիմնադրամն իր գործընկերներ հոլանդական Ֆրայ Էդուարդո հիմնադրամի և Հարավկովկասյան «Եվրոպական ուսմունքների դպրոցների» հետ միասին Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի 60 դպրոցների /յուրաքանչյուր երկրից 20 դպրոց/ շուրջ 1800 սաների հետ իրականացնում է քառօրյա դասընթացներ` թեմատիկ քննարկումների, վերլուծությունների տեսքով: Արդյունքում յուրաքանչյուր դպրոցում ձևավորված խումբ ընտրում է իր պատվիրակին` Հարավկովկասյան երիտասարդների պառլամենտում` ներկայացուցչությունը Վրաստան: Վրաստանում ամեն երկրից ընտրվում են ևս 5 պատվիրակներ` Բրյուսել մեկնելու և Եվրոպական խորհրդարանում ծրագրի երրորդ փուլին մասնակցելու նպատակով:

Ռուբեն Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցն արդեն երրորդ տարին է, ինչ մասնակցում է վերը նշված ծրագրին, և այս տարի Հարավկովկասյան երիտասարդների պառլամենտում կրթօջախը  ներկայացնող Սայիդա Անտոնյանը Վրաստանում ընդգրկվել է նաև Բրյուսել մեկնող պատվիրակների խմբում և Եվրոպական խորհրդարանում մասնակցել է ծրագրի երրորդ փուլին:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շնորհավորեց ներկաներին ծրագրի շրջանակներում նման հաջողության հասնելու համար և կոչ արեց չսահմանափակվել ձեռք բերածով և ձգտել ավելիին` բարձր պահելով և կրթօջախի, և մարզի հեղինակությունը: <<Վստահ եմ, որ մասնակցելով այս և նմանատիպ այլ ծրագրերի` դուք կավելացնեք ձեր պատկերացումները քաղաքական համակարգերի և հասարակական կյանքում դրանց ազդեցության վերաբերյալ և մեծ կյանք կմտնեք առավել պատրաստված ու կդառնաք մեր հասարակության համար պիտանի անհատներ>>,- աշակերտներին ուղղված իր խոսքում նշեց մարզպետը` միաժամանակ կոչ անելով նրանց  երբեք չկորցնել դիմացինին լսելու ունակությունը և մարդկանց վերաբերվել այնպես, ինչպես կցանկանան, որ իրենց վերաբերվեն:

Այնուհետև մարզպետը կրթօջախի սաներին տեղեկություն ներկայացրեց մարզային իշխանության գործունեության, իր իսկ կողմից իրականացվող գործառույթների և տարբեր ոլորտներում իր պաշտոնավարման շուրջ վեց տարիների ընթացքում իրականացված աշխատանքների, ունեցած ձեռբերումների և նախատեսվող ծրագրերի մասին: Նա պատասխանեց նաև աշակերտներին հետաքրքրող հարցերին:

Շնորհակալություն հայտնելով մարզպետ Աշոտ Ղահրամանյանին ջերմ ընդունելության համար` դպրոցի տնօրեն Սիմա Եղիազարյանը համոզմունք հայտնեց, որ մարզային իշխանության ղեկավարի հետ հանդիպումը դրական ազդեցություն կունենա կրթօջախի սաների հետագա գործունեության վրա,  և նրանց կմղի առավել մեծ հաջողությունների:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58