Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն ընդունեց ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգից ժամանած պատվիրակությանը
26.09.2012
![](http://armavir.mtad.am/files/n_pics/2057_s.jpg)
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատականի նահանգից ժամանած պատվիրակությանը, որը գլխավորում էր Փալիբար քաղաքի ղեկավար Աբդուլահ Ասղարփուրը: Ընդունելությանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Դավիթ Սամսոնյանը, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը, իրավաբանական բաժնի պետ Յուրի Մանվելյանը:
Ողջունելով հյուրերի այցն Արմավիրի մարզ` մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդգծեց, որ դեռևս 2009 թվականի մայիսի 26-ին ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի և արդեն 2012 թվականի հուլիսի 10-ին Արևելյան Ատրպատականի նահանգապետարանների և ՀՀ Արմավիրի մարզպետարանի միջև կնքված փոխըմբռնման հուշագրերը, փոխայցելությունները վկայում են ձևավորված բարեկամությունն ամրապնդելու փոխադարձ ձգտման և գործնական կապերն ակտիվացնելու վճռականության մասին: Մարզպետը տեղեկացրեց, որ այս ժամանակահատվածում արդյունավետ քննարկումներ և մի շարք ոլորտներում փոխգործակցության պայմանավորվածություններ են եղել և դրանց իրագործման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվել: Նա պատրաստակամություն հայտնեց ընդլայնելու փոխգործակցությունն իրանական կողմի հետ` ի շահ երկու ժողովուրդների բարօրության և հայ-իրանական բարեկամության ամրապնդման:
Շնորհակալություն հայտնելով մարզպետին ջերմ ընդունելության համար և նրան փոխանցելով Արևելյան Ատրպատականի իր գործընկերոջ բարեմաղթանքներն ու շնորհավորանքի խոսքը Հայաստանի Հանրապետոիթյան անկախության 21-րդ տարեդարձի առթիվ` պատվիրակության ղեկավարը նշեց, որ պատվիրակության կազմում են Արևելյան Ատրպատական նահանգի պետական և մասնավոր հատվածի պատասխանատուներ, որոնք կողմերի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում ցանկանում են համագործակցել անասնաբուծության ոլորտում և հակակարկտային կայանների արտահանման ուղղությամբ:
Կողմերի միջև նախնական պայմանաորվածություն ձեռք բերվեց արոտավայրերի վարձակալման, կաթնամթերքի արտադրության ու արտահանման, ինչպես նաև սպանդանոցների կառուցման հետ կապված: Իրանական կողմի հետ քննարկվեցին նաև ներդրումային քաղաքականությանը վերաբերող մանրամասներ: