Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հերթական խորհրդակցությունը` բուժհաստատությունների տնօրենների մասնակցությամբ
27.09.2012
ՀՀ Արմավիրի մարզի բուժհաստատությունների տնօրենների մասնակցությամբ մարզպետի տեղակալ Լարիսա Մուրադյանի մոտ այսօր հրավիրված հերթական խորհրդակցությանը ներկայացվել են "Լույս հայի աչքերին" ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 27-ը Արմավիրի մարզի քաղաքային և գյուղական համայնքներում նախատեսվող աչքի անվճար հետազոտությունների իրականացմանը վերաբերող մանրամասներ: Անդրադարձ է եղել պետական պատվերի տրամադրմանն ու տարվա ընթացքում համամասնորեն բաշխմանը, բժշկական ամբուլատորիաներում դեկրետային խմբերի ԱԴՓ պատվաստումների կատարմանը:
Լ. Մուրադյանը տեղեկացրել է, որ նախկինում զինկոմիսարիատ ներկայացվող անկետաների փոխարեն այժմ անհրաժեշտ է տրամադրել միայն առողջության զննության թերթիկներ՝ տվյալ հաստատության ղեկավարի ստորագրությամբ և կնիքով:
Մարզի գլխավոր մանկաբույժը հայտնել է, որ ռոտավիրուսի պատվաստանյութն արդեն ստացվել է, և համաձայն Պատվաստումների ազգային ծրագրի` հոկտեմբերի 1-ից կսկսվեն երեխաների պատվաստումները: Նա հավաստիացրել է, որ համապատասխան աշխատանքներն իրականացնելու նպատակով մարզի բոլոր բուժկանխարգելիչ հաստատությունների տնօրենները, մանկաբույժներն ու պատվաստող անձնակազմը մասնակցել են մարզում կազմակերպված սեմինարներին և պատրաստ են պատշաճ կերպով իրանացնել նախատեսվող աշխատանքները:
Ամփոփելով խորհրդակցությունը` Լ. Մուրադյանը կոչ է արել բուժհաստատությունների տնօրեններին ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել ազգաբնակչությանը հուզող խնդիրներին և տեղերում բարեխղճորեն իրականացնել իրենց վերապահված գործառույթները: