Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզից մեկնարկեց "Կինոաշուն-2012"-ը
28.09.2012
Հանրապետության Նախագահի բարձր հովանու ներքո այսօր Արմավիրի մարզից մեկնարկեց «Կինոաշուն-2012» ազգային կինոյի ամիս» ծրագիրը, որն այս տարի նվիրվում է հայ կինոյի մեծանուն վարպետ Համո Բեկնազարյանի 120-ամյակին:
Արմավիր քաղաքային հրապարակում օրվա առթիվ կազմակերպել էր տոնական համարեգ, որն իրենց ներկայությամբ պատվեցին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ծրագրի հեղինակ, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը, կինոռեժիսյոր և դերասան Միքայել Պողոսյանը, կինոաշխարհի ներկայացուցիչներ, պետական կառույցների պատասխանատուներ և մեծ թվով արվեստասերներ:
Հաջորդիվ Արմավիր քաղաքի մշակույթի տանը հանդիսավորությամբ ազդարարվեց «Կինոաշուն-2012» ազգային կինոյի ամիս» ծրագիրի մեկնարկը: Շնորհավորելով ներկաներին Կինոտոնի առթիվ` ծրագրի հեղինակ, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը նշեց, որ ծրագրը նպատակ ունի վերականգնել կինոյի տարածման բոլոր այն խողովակներն ու միջոցները, որոնք անհետացել են անցյալ դարի 90-ականներին, և հաստատել Հայաստանում արտադրված ֆիլմերի ցուցադրման բարի ավանդույթն ու մարզային կինոցանցը: <<Մեր նպատակն է հատկապես մարզերում աշխուժացնել մշակութային կյանքը՝ մասնակից դարձնելով բնակչությանը մայրաքաղաքային միջոցառումներին>>,- իր խոսքում նշեց ծրագրի հեղինակը` առաջարկելով մարզպետ Աշոտ Ղահրամանյանին աջակցել մարզում հայկական կինոյի ցուցադրությանը` վերականգնելով ազգային կինոդիտման ավանդույթը:
Կարևորելով մշակութային արժեքների պահպանմանն ուղղված յուրաքանչյուր ձեռնարկ` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հավաստիացրեց, որ կաջակցի հայկական ֆիլմերի ցուցադրույանը. <<Հայկական ֆիլմերն իրենց մեջ ամփոփում են մեր ազգային լավագույն ավանդույթները, որոնք պետք է պահպանենք և փոխանցենք գալիք սերունդներին` վառ պահելով հայի ոգին և ազգային նկարագիրը>>,- ասաց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը` ողջունելով ծրագրի իրականացման գաղափարը:
Ապա ցուցադրվեցին Սարդարապատի հուշահամալիրի բացումը և Հայկական ատոմային էլեկտրակայանի կառուցումը ներկայացնող վավերագրական ֆիլմեր, իսկ ավելի ուշ ցուցադրվեց Համո Բեկնազարյանի ստեղծած առաջին հայկական հնչունային "Պեպո" ֆիլմը: