Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը մասնակցեց եզդիների սրբատեղիի օծմանը

29.09.2012

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր Ակնալիճ համայնքում մասնակցեց եզդիների սրբատեղիի օծմանը, որն առաջինն է Հայստանում և կառուցվում է Մոսկվայում բնակվող եզդի բարերարների միջոցերով:

Եզդի համայնքի համար նշանակալի իրադարձությանը ներկա էին համայն եզդիների հոգևոր առաջնորդ Միրե Միրա Թահսին բեգը, առաջնորդարանի ներկայացուցիչներ, Քուրդստանի ինքնավարության և Իրաքի Հանրապետության խորհրդարանների ազգությամբ եզդի պատգամավորներ:

Օրվա առթիվ եզդիներին շնորհավորեց և բարեմաղթանքի խոսք հղեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը` ասելով. <<Հարգարժան բարեկամներ, հյուրեր, սիրելի հայրենակիցներ,

Խորհրդանշական է, որ աշնանային խաղաղ և արևոտ այս օրն այսքան մեծ բազմություն է հավաքել նվիրական ու մեծ նպատակի շուրջ:

Ճակատագրի բերումով այս հինավուրց հողի վրա բնակվող ամեն մի ազգ՝ բնավորվել և իր ազնիվ քրտինքը, ուժն ու կորովն է ներդրել, որպեսզի շարունակվի բարության և արարումի կենսաղբյուրը:

Պատմությանը հայտնի իրադարձությունների թատերաբեմում մեր երկու ժողովուրդները 20-րդ դարի սկզբում կրել են սուլթանական Թուրքիայի կողմից դրսևորած վայրագությունները, մաքառել են իրենց փրկության համար, միասին կռվել են թշնամանքի ու չարության դեմ:

Հիշարժան այս պահին հարգանքով պետք է հիշել Սարդարապատի և Բաշ Ապարանի ճակատամարտերում հայ աշխարհազորայինների կողքին իրենց արիությունը դրսևորած եզդիական հեծյալ գնդի կատարած քաջագործությունները՝ Ջահանգիր աղայի գլխավորությամբ: Հարգանք և խոնարհում նաև ազգությամբ եզդի այն ազատամարտիկներին, ովքեր ոչ միայն արիաբար կռվեցին, նաև իրենց կյանքը տվեցին արցախյան ազատամարտի հաղթանակի ձեռքբերմանը:

Եվ ահա նորից համախմբման գաղափարն է բոլորին բերել այստեղ: Այն բացառիկ ազգային է ու թանկ, միաժամանակ այն փորձության երկար ճանապարհ անցած կրոնական հավատի, միասնության ավազանում է օծվում՝ յուրաքանչյուրի հոգում վառ պահելով հնի ու չմոռացվածի, դարերով փոխանցված գեղեցիկ ավանդների կարևորությունը:

Մեր դիմաց վեհորեն կանգնած քարաշեն այս կոթողը ներառելով ննջեցյալների հանդեպ հիշողության մասունքները, նաև ներշնչումն է եզդի ազգի բազմադարյան կրոնի, ազգային մեծ բարության, երախտագիտության փառք է ու խորհուրդ: Հոգևոր արժեքների և հաղորդության այս քարե պսակը մոսկվաբնակ բարեգործների հոգու կանչով է կերտվել: Այս շինության կամարների տակ պատմական Լալեշ սրբավայրի շնչառությունը կա:

Սիրելի բարեկամներ, հոգևորի ու հավերժականի կենդանի գույներով ներշնչված այս շնորհակալ արարողությունը սրտամոտ է մեր մարզի ողջ ազգաբնակչության համար: Այս բազմաչարչար հողի վրա ստեղծվող ամեն մի նոր շինություն թանկ է բոլորիս համար: Իսկ այն, ինչ հիմա մեր աչքերի առջև է՝ նախնականի և շարունակականի լուսավոր կամուրջ է, նաև կրոնական, ազգային դավանանքի ազնվագույն և աստվածային գաղափարների խորհրդանիշ:

Ուրեմն թույլ տվեք մեր մարզի ազգաբնկաչության անունից, որտեղ իրենց թվաքանակով երկրորդը եզդիներն են, շնորհավորել Ձեզ այս հիշարժան հոգևոր վերածննդի տոնի առթիվ: Շնորհակալություն հայտնել նաև աշխատասեր եզդի բնակչությանը, շնորհաշատ, գործարար ու մտավորական եզդի զավակներին, ովքեր իրենց նպաստն են բերում մեր ու Ձեր Հայաստանի Հանրապետության շենացմանը և նրա պաշտպանության ամրապնդմանը:

Կարծում եմ, չկա ավելի թանկ բան, քան այն, որ մենք պատմության ու ճակատագրի առջև միասին ենք, համերաշխ ու աջակից ենք մեկմեկու:

Թող այս Սրբատուն-կոթողը իր զորությամբ, իր հավատի ու հայրենասիրության շողով լուսավորի այն ճանապարհը, որը մենք միասին պետք է անցնենք:

Փառք ու պատիվ Ձեզ, եզդի ազգի հավատով ապրող և արարող հրաշալի սերունդ>>,- ամփոփելով իր խոսքը` նշեց մարզպետը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49