Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի շնորհավորական ուղերձն Ուսուցչի օրվա առթիվ

04.10.2012

Սիրելի’ ուսուցիչներ, մեր պայծառ սերնդի ազգային ոգին կերտող, կրթության ու դաստիարակության գործի լուսավոր մշակներ, շնորհավորում եմ Ձեզ` Ձեր ավանդական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ:

Այսօր մեր ժողովուրդն իր նվիրումի ու երախտագիտության խոսքն է ուղղում Ձեզ, իր իմաստնության բարձունքից բարության ու բերկրանքի լուսապսակով է զարդարում Ձեր անունը` փառաբանելով ուսուցչի ազնվագույն վաստակն ու բարի գործը:
Իսկապես, ուսուցչի համար չկա ավելի թանկ բան, քան այն, որ նա ձգտում է տքնանքով և համառությամբ հասնել իր գերագույն նպատակին` նվաճելով մասնագիտորեն և ճակատագրով իրեն վիճակված ոգեղենի բարձունքը: Մարդկային հազարամյա պատմության մեջ բառացիորեն ամենաազնիվ նվաճումն այն է, որը դառնում է մտքի և հոգու արարման խորհրդանիշ:

Ի սկզբանե հենց դրան են խարսխված կրթության ու գիտության վերընթացի հոգեմերձ գաղափարները: Դրանք ուղղորդում են դեպի նոր հորիզոններ` միավորելով սերունդների հարընթաց կապը, պահում և պահպանում են անցյալի մեր հարուստ ժառանգությունը:

Դպրության գործի սիրելի’ նվիրյալներ, մեծարգո’ ուսուցիչներ և ուսուցչուհիներ, շնորհակալություն Ձեզ, որ Դուք բարդ ու բովանդակ մեր կյանքում լույս, հավատ ու ներշնչանք պարգևող իմաստասերներ եք: Մեր հանրությունը, մենք բոլորս հպարտ ենք ձեզանով, որ Դուք թանկ գնով ձեռք բերված անկախ Հայաստանի հզոր գաղափարների կրողն ու փոխանցողն եք, նաև նրա դժվարին օրերի հավատարիմ զինակիցը և մեծ նպատակների ու հայրենասիրության վստահելի ջահակիրը:

Այսօր մեր երկրի, մեր պետության և նրա ղեկավարության ուշադրության կենտրոնում են դպրոցը, ուսուցիչն ու աշակերտությունը: Եվ դա արվում է աննախադեպ մեծ ու բազմաբովանդակ ծրագրերով` հայացքը դեպի ապագա:

Փառք ու պատիվ Ձեզ կրթության բազմաշերտ ոլորտում աշխատող ուսուցիչ-դաստիարակներ, կրկին շնորհավորելով մասնագիտական և ավանդական տոնի առթիվ` մաղթում եմ Ձեզ անձնական երջանկություն, ոգու և կամքի արիություն, ստեղծագործական աշխատանքի նոր եռանդ, մեծ համբերություն և բազում հաջողություններ:
 

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10