Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը մասնակցեց Մայիսյան համայնքի և դպրոցի հիմնադրման 80-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը

19.10.2012

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը Մայիսյան համայնքի միջնակարգ դպրոցում այսօր  մասնակցեց համայնքի և դպրոցի հիմնադրման 80-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը, որն իրենց ներկայությամբ պատվել էին նաև Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, մարզային իշխանության տարբեր ոլորտների պատասխանատուներ:

Դպրոցում հյուրերին դիմավորեցին աղ ու հացով, երգ ու պարով` նրանց հաղորդելով բարձր տրամադրություն և մասնակից դարձնելով տոնական միջոցառմանը:

Մայիսյան համայնքի և դպրոցի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառման հանդիսավոր մեկնարկն ազդարարվեց կրթօջախի երկարամյա տնօրեն Իշխան Պետրոսյանի բացման խոսքով, որում նա անդրադարձավ համայնքի հիմնադրման ակունքներին` ընդգծելով, որ Մայիսյանում դեռ ապրում են տարեցներ, որոնց աչքի առջև երբեմնի ամայի տարածքը տարիների ընթացքում վերածվել է շեն համայնքի, որի տարեգրության մեջ նա հատկապես առանձնացրեց 1932 թվականը, երբ ՀԽՍՀ կառավարության որոշմամբ համայնքը ստացել է անձնագիր` դառնալով Հոկտեմբերյանի շրջանի առաջին պետական տնտեսություններից մեկը:

Իշխան Պետրոսյանի խոսքով`  համայնքը բուռն զարգացում է ապրել 1960-ականներին. այս ժամանակահատվածում զարկ է տրվել գյուղատնտեսությանը, որին զուգընթաց վերելք է ապրել նաև մշակութային կյանքը, իսկ քառամյա դպրոցը մինչև 1966 թվականի ավարտը դարձել է միջնակարգ:

Կրթօջախի համար Իշխան Պետրոսյանը շրջադարձային համարեց 2000 թվականը, երբ դպրոցի մանկավարժական կոլեկտիվը, աշակերտական և ծնողական խորհուրդների հետ համատեղ, շահել է Դպրոցների բարելավման առաջին միջազգային կրթական ծրագիրը, որին հաջորդել են ևս 11 միջազգային և հանրապետական կրթական ծրագրեր: Դպրոցն այդ ծրագրերի արդյունքում ստացել է լրացուցիչ դրամական միջոցներ, որոնք նպաստել են կրթօջախի նյութատեխնիկական բազայի ամրապնդմանը և ընթացիկ խնդիրների լուծմանը: Նա անդրադարձավ նաև դպրոցին հասցեգրված պարգևներին, շրջանավարտների հաջողություններին` վստահեցնելով, որ կրթօջախի աշխատանքային կոլեկտիվը լի է վճռականությամբ՝ լուծելու կրթության առջև դրված խնդիրները և կյանք ճանապարհելու հայրենասեր և Հայաստանի Հանրապետությանն արժանի քաղաքացիներ:

Տոնական օրվա առթիվ մայիսյանցիներին շնորհավորեց նաև մարզպետ Աշոտ Ղահրամանյանը` ասելով, որ անչափ ուրախ է գտնվելու Մայիսյանում և մասնակցելու համայնքի և դպրոցի հիմնադրման 80-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը: Նա նշեց, որ վերջին 6 տարիներին պարբերաբար այցելելով Մայիսյան համայնք` ականատես է լինում համայնքային տնտեսությունում տեղի ունեցող բազում դրական տեղաշարժերի, որոնք իրականացվում են ի տես համայնքի ազգաբնակչության և հույս հայտնեց, որ այդ ամենը շարունակական կլինի և կնպաստի համայնքի առաջընթացին:

Այնուհետև մարզպետ Աշոտ Ղահրամանյանը Մայիսյան համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Իշխան Պետրոսյանին հանձնեց ՀՀ կրթության և գիտության նախարարի ոսկե մեդալը, որը նա ստացել էր մասնագիտական տոնի առթիվ: Ապա դպրոցի 5 մանկավարժներ արժանացան ՀՀԿ նախագահի տեղակալ Հովիկ Աբրահամյանի, ևս 3-ը` ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի պատվոգրերին:

Տոնական օրվա առթիվ Մայիսյան համայնքի ավագանու որոշմամբ համայնքի 39 տարեցներ արժանացան դրամական պարգևների, ևս 35-ը` պատվոգրերի և շնորհակալագրերի:

Օրը կրթօջախում խորհրդանշվեց նաև հիշողությունների սրահի բացմամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10