Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արխիվային փաստաթղթերի ցուցադրություն` Արմավիրի մարզպետարանում
23.10.2012
Հայաստանի հանրապետության անկախության 21-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Արմավիրի մարզպետարանում այսօր ՀՀ Ազգային արխիվի Արմավիրի տարացքային մասնաճյուղը կազմակերպել էր "Արմավիրի անցյալն ու ներկան արխիվային փաստաթղթերում" խորագիրը կրող արխիվային նյութերի ցուցադրություն, որին ներկա էին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, Արմավիրի մարզային և տարածքային արխիվների պատասխանատուներ, դպրոցների տնօրեններ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ:
Ցուցադրությանը ներկայացված էին Արմավիրի պատմությանն առնչվող փաստաթղթեր` նախորդ դարասկզբից մինչ օրս, որոնք հիմնականում ներառում էին Հոկտեմբերյանի շրջանի կազմավորմանը, քաղաքի վերակազմավորմանը, ինչպես նաև մարզպետարանի ձևավորմանը վերաբերող տարբեր մարմինների կողմից ընդունված որոշումներն ու հրամանագրերը: Ցուցադրված էին նաև պատմական փաստաթղթեր, որոնք վերաբերում էին Սարդարապատի հերոսամարտին, Մեծ հայրենականին և Արցախյան պատաերազմին:
Ողջունելով Ազգային արխիվի նախաձեռնությամբ դեռևս նախորդ տարվանից տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Հանրապետության տարբեր մարզերում իրականացվող և այսօր էլ շարունակվող արխիվային նյութերի ցուցադրությունները` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ այդպիսով հրաշալի առիթ է ընձեռվում տվյալ մարզը, համայնքը ներկայացնողներին` ծանոթանալու իրենց բնակավայրի պատմական արժեքներին ու փաստերին: Ազգային արխիվի նախաձեռնությունը ողջունեց նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը և առաջարկեց մարզպետ Ղահրամանյանին արխիվային փաստաթղթերը ևս 15 օր ցուցադրել մարզպետարանում` դպրոցների ավագ դասարաններում սովորողներին հնարավորություն տալով ծանոթանալու ներկայացված նյութերին:
Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի ուղեկցությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և միջոցառման մասնակիցները մոտեցան ցուցադրված փաստաթղթերին և ծանոթացան դրանց վերաբերող մանրամասներին: