Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց Արմավիրի մարզպետարանում
31.10.2012
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի կողմից մարզպետարաններում անցկացվող ընթացիկ խորհրդակցություններն այսօր ամփոփվեցին Արմավիրի մարզպետարանում: Այստեղ եւս օրակարգային հիմնական հարցերը վերաբերում էին սեփական եկամուտների հավաքագրմանը, 2013թ. համայնքային բյուջեների նախագծերի կազմման գործընթացին, մարզում իրականացվող ծրագրերի, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, ինչպես նաեւ հրատապ այլ խնդիրների:
Քննարկվեցին նաեւ ոռոգման շրջանի ավարտին վերաբերող հարցեր: Փոխվարչապետը նշեց, որ սակավաջրության պատճառով տարվա ընթացքում ոռոգման կազմակերպման առումով որոշակի դժվարություններ կային, սակայն ՋՕԸ-երի, Ջրառ ընկերությունների, մարզպետարանի, համայնքների, ինչպես նաեւ ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի համատեղ աշխատանքի շնորհիվ հաջողվեց մեղմել լարվածությունը եւ գյուղացիական տնտեսություններին ապահովել ջրաքանակով:
Այնուամենայնիվ, մարզում կան որոշ տարածքներ, որտեղ ջրամատակարարման հետ կապված խնդիրներ կան. մասնավորապես` "Ակնալիճ", "Սեւջուր-Ախթամար" ՋՕԸ-երի սպասարկման տարածքներում: Ուստի նշված տարածքներում անխափան ոռոգման կազմակերպման հարցն ուշադրության կենտրոնում է: Ա. Գեւորգյանը տեղեկացրեց, որ այդ տարածքներում անխափան ոռոգում իրականացնելու ու նաեւ ոռոգելի տարածքների ավելացման նպատակով Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից համապատասխան ծրագիր է մշակվել, եւ ներկայումս աշխատանքներ են տարվում այն կյանքի կոչելու համար ֆինանսական միջոցների հայթայթման ուղղությամբ:
Անդրադարձ եղավ նաեւ ձեւավորված հասույթների դիմաց գանձումների ամբողջական ապահովման խնդրին: Փոխվարչապետը կարեւորեց համակարգի կողմից պարտքերի չկուտակումը, ինչը թույլ կտա առավել արդյունավետ կազմակերպել 2013թ. ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները:
Խորհրդակցության ընթացքում համայնքապետերի կողմից բարձրացվեց որոշ կազմակերպությունների կողմից մթերված բերքի դիմաց վճարումների ուշացման խնդիրը: Փոխվարչապետը խոստացավ, որ հարցը կքննարկվի կառավարությունում:
Ա. Գեւորգյանը պարզաբանումներ ներկայացրեց նաեւ համայնքապետերի բարձրացրած այլ խնդիրների վերաբերյալ:
Աղբյուրը` ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին