Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը Վաղարշապատի տարածաշրջանում ծանոթացավ մի շարք հաստատություններում իրականացված և ընթացքի մեջ գտնվող շինաշխատանքներին
07.11.2012
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր Վաղարշապատի տարածաշրջանում ծանոթացավ դպրոցական, նախադպրոցական հաստատություններում և բնակելի շենքերից մեկում մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրի երրորդ փուլով իրականացված և ընթացքի մեջ գտնվող շինարարական աշխատանքներին:
Փոխմարզպետ Մովսես Քարտաշյանի, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Կարինե Դանիելյանի և համապատասխան հաստատություններում շինարարություն իրականացնող կազմակերպությունների պատասխանատուների ուղեկցությամբ մարզպետն այցելեց Վաղարշապատի թիվ 1, 7 և 8 դպրոցներ, եղավ թիվ 10 և 13 մանկապարտեզներում, ինչպես նաև Վազգեն Ա 4 շենքում:
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այցը սկսեց Վաղարշապատի թիվ 8 դպրոցից: Այստեղ վարանորոգվում է մարզադահլիճը, որի համար ծրագրով հատկացվել է 23 մլն դրամ: Մարզպետին զեկուցվեց, որ նախանշված աշխատանքները կավարտվեն սահմանված ժամկետում` մինչև դեկտեմբեր:
Վաղարշապատի թիվ 7 դպրոցում մարզպետը ծանոթացավ կառուցված կաթսայատան և լոկալ ջեռուցման համակարգին: Աշխատանքներն իրականացվել են հրատապ երրորդ ծրագրով հատկացված 50 մլն 180 հազար դրամով: Կրթօջախում այս տարի փոխվել են նաև պատուհաններն ու տանիքը` պետական բյուջեից հատկացված 100 մլն դրամով: Կրթօջախի տնօրենը մարզպետ Ղահրամանյանին ուրախությամբ տեղեկացրեց, որ իրականացված աշխատանքների արդյունքում դպրոցում կտրուկ աճել է առաջին դասարան հաճախողների թիվը` նախորդ տարվա համեմատությամբ 7-ից հասնելով 43-ի: Նա հավաստիացրեց, որ առաջիկայում կնկատվի նաև աշակերտների ընդհանուր թվի աճ:
Ծրագրի շրջանակներում Վաղարշապատի թիվ 1 դպրոցում փոխվել է տանիքը և վերանորոգվում են սանհանգույցները: Համապատասխան աշխատանքներն իրականացնելու համար հատկացվել է 51 մլն145 հազար դրամ:
Վաղարշապատի թիվ 10 և 13 մանկապարտեզներում մարզպետը ծանոթացավ կառուցված լոկալ ջեռուցման համակարգերին: Նշված մանկապարտեզները ջեռուցմամբ ապահովելու համար հատկացվել է 13 մլն 510 հազարական դրամ:
Այցի վերջին կանգառը Վազգեն Ա 4 շենքն էր, որի տանիքն ամբողջությամբ հիմնանորոգվել է` բնակիչներին ազատելով տեղումների հետևանքով առաջացող անհարմարություններից:
Ամփոփելով այցի արդյունքները` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը դրական գնահատեց իրականացված և դեռ ընթացքի մեջ գտնվող աշխատանքները` ընդգծելով, որ դրանք արվել են և շարունակվում են որոկական սահմանված չափանիներին համապատասխան: