Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով ԻԻՀ Արևելյան Ազարբայջանի նահանգում էր մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորած պատվիրակությունը

29.11.2012

Աշխատանքային երկօրյա այցով Իրանի Իսլամական Հանրապետության   Արևելյան Ազարբայջանի նահանգում էր ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին` փոխմարզպետ Դավիթ Սամսոնյանը, մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Յուրի Մանվելյանը և Հայկական «Բարվա» ընկերության նախագահ Արամ Վարդանյանը:

Այցի շրջանակում պատվիրակությունը եղել է Ջուլֆա գավառի «Արազ» առևտրատնտեսական ազատ գոտում, որտեղ քննարկվել են ազատ տնտեսական գոտու հետ համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր:

Մարզպետի գլխավորած պատվիրակությունը այցելել է նաև 8-րդ դարի հայկական կրոնական համալիր հանդիսացող Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքը: Վանական այս համալիրը 2008 թվականին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Իսկ 2011 թվականին Իրանի Մշակութային ժառանգության կազմակերպության «Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի» պատասխանատու տնօրեն, ճարտարապետ Շերլի Ավետյանի հսկողության ներքո, ինչպես նաև նշված կազմակերպության և "Արաքս" առևտրական ազատ գոտու տնօրինության ֆինանսավորմաբ և Հայաստանից հրավիրված փորձառու վարպետների ջանքերի շնորհիվ չորս ամիսների ընթացքում ավարտվել է Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքի կիսավեր զանգակատան վերանորոգման աշխատանքը, և երկարատև լռությունից հետո նոյեմբերի 6-ին ղողանջել են պատմական վանքի զանգերն ու օրհնվել է զանգակատունը։

Հաջորդիվ Թավրիզում պատվիրակությանը հյուրընկալել է ԻԻՀ Արևելյան Ազարբայջանի նահանգապետ Ալի Ռեզա Բեյգին: Հանդիպմանը կողմերը քննարկել են առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Հայ-իրանական բարեկամական կապերի ամրապնդման ու ընդլայնման համատեքստում կարևորելով երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ներկայացրել է փոխգործակցության համար առկա հնարավորությունները:

Հաշվի առնելով Արմավիրի մարզում, մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում, առկա հնարավորությունները և Արևելյան Ազարբայջանի գիտատեխնիկական բազան` իրանական կողմը շահագրգռվածություն է հայտնել ներդրումներն ուղղել Հայաստան և գյուղատնտեսության ոլորտում ընդլայնել երկկողմ համագործակցությունը:

Իրանի Արևելյան Ազարբայջանի նահանգապետը շեշտել է, որ Իրանն ու Հայաստանը պետք է մասնավոր ոլորտում իրենց բոլոր հնարավորություններն օգտագործեն, որպեսզի ամենաարագ ժամկետներում զարգանան երկկողմ հարաբերությունները:

Հավելենք, որ պատվիրակությունն այցելել է նաև տրակտորների արտադրությամբ զբաղվող գործարան, եղել է  պանրի արտադրամասում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28