Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը
14.12.2012
Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը, որը վարեց ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի <<Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ>> պետական հիմնարկի տնօրեն Ադիբեկ Ղազարյաը, մարզպետարանի և մարզային ստորաբաժանումների պատասխանատու պաշտոնյաներ, մարզի քաղաքային ու գյուղական համայնքների ղեկավարներ, ջրօգտագործող ընկերությունների (ՋՕԸ) տնօրեններ:
Մարզի խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին ՀՀ Արմավիրի մարզում 2012 թվականի և նախորդ տարվա գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների համեմատական արդյունքների և ընթացիկ տարում արտադրված գյուղմթերքների մթերումների դիմաց կազմակերպությունների ունեցած պարտքերին, մարզի համայնքապետարանների կողմից սպասարկվող գյուղական համայնքների ջրամատակարարման համակարգի սանիտարահիգիենիկ և սանիտարատեխնիկական վիճակին, ՋՕԸ-երի կողմից 2012 թվականին մատակարարված ոռոգման ջրի ծավալին, հասույթին և գանձումներին, ինչպես նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքներին` 01.12.2012 թվականի դրությամբ:
Օրակարգային առաջին հարցի շրջանակում ելույթ ունեցավ ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը` մասնավորապես նշելով, որ 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ մարզում հաշվառվել է 47 հազար 730 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, այդ թվում` կով` 18 հազար 212 գլուխ, մանր եղջերավոր` 70 հազար 406 գլուխ, խոզ` 12 հազար 402 գլուխ և թռչուն` 1 մլն 110 հազար 940 գլուխ: Նա մարզում հակահամաճարակային վիճակը որակեց կայուն` տեղելացնելով, որ սուր վարակիչ հիվանդություններից գրանցվել է միայն մեկ սիբիրախտի դեպք` Արմավիր համայնքում: Ըստ Արթուր Այվազյանի` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է միայն խոզերի գլխաքանակը, իսկ մյուս անասնատեսակների մասով գրանցվել է աճ:
Նրա խոսքով` 1213 հեկտարով մարզում ավելացել են ցանքատարածությունները, իսկ 2012 թվականի հունիսի 1-ի դրությամբ կատարվել է 29 հազար 224 հեկտարի ցանքս:
ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը նոյեմբերի 1-ի դրությամբ ներկայացրեց նաև արտադրված գյուղմթերքի ծավալը. Ըստ այդմ` հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 15 հազար տոննա հացահատիկ, 52.2 հազար տոննա կարտոֆիլ, 313.75 հազար տոննա բանջարեղեն, 129.5 հազար տոննա բոստան, 80.6 հազար տոննա պտուղ, 103.4 հազար տոննա խաղող և 140.8 հազար տոննա խոտ: Նրա տեղեկացմամբ` հաշվետու տարում մթերող կազմակերպությունների կողմից մթերվել է 59 հազար 230 տոննա խաղող, 3 հազար 839.2 տոննա պտուղ և 7 հազար 711.1 տոննա բանջարեղեն: Մթերված բերքի ծավալը 840.3 հազար տոննայով գերազանցում է նախորդ տարվա մակարդակը, իսկ մթերումների դիմաց պարտքն այս պահի դրությամբ կազմում է 236.6 մլն դրամ, որն ամբողջությամբ կմարվի մինչև դեկտեմբերի 20-ը:
Մարզի համայնքապետարանների կողմից սպասարկվող գյուղական համայնքների ջրամատակարարման համակարգի սանիտարահիգիենիկ և սանիտարատեխնիկական վիճակին անդրադարձավ ՀՀ առողջապահության նախարարության պետական հակահամաճարակային տեսչության Արմավիրի մարզային կենտրոնի պետ Հասմիկ Հարությունյանը` նշելով, որ մարզում համայնքները սնող աղբյուրների գլխամասային կառույցները հիմնականում չունեն սանիտարական պահպանման գոտիներ և համապատասխան կառույցներն ապահովված չեն քլորակայաններով, իսկ համայնքները սնող աղբյուրների ջրերը չեն ենթարկվում մշտական վարակազերծման: Ժամանակ առ ժամանակ ջուրը վարակազերծում են պարկուճների միջոցով, որն ըստ նրա` արդյունավետ չէ, քանի որ կատարվում է մեծ ընդհատումներով: Հասմիկ Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ համայնքապետարանների մեծ մասը չունեն նախատեսված մասնագետներ` ջրամատակարարման համակարգերի շահագործման և սպասարկման համար:
Օրակարգային հարցի առնչությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանն առաջարկեց համայնքապետերին առաջիկայում լուծել համայնքները սնող աղբյուրների գլխամասային կառույցները սանիտարական պահպանման գոտիներով ապահովելու հարցը, իսկ ջրամատակարարման համակարգերի շահագործման և սպասարկմնա համար համայնքապետարաններում համապատասխան անձնակազմ ունենալն ըստ մարզպետի` ենթադրում է լրացուցիչ ֆինանսական ծախսեր, որոնք այս պահին համայնքապետարաններն, ուղղակի, չեն կարող իրենց թույլ տալ:
ՋՕԸ-երի կողմից 2012 թվականին մատակարարված ոռոգման ջրի ծավալին, հասույթին և գանձումներին անդրադարձավ ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արաշես Բախշյանը` նախ ընդգծելով, որ թեպետ տարին սակավաջուր էր, սակայն հանրապետությունում 15 տոկոսով ավել ջրամատակարարում է իրականացվել և գործադրված համալիր ջանքերի արդյունքում հաջողվել է մեղմել ոռոգման սեզոնի սկզբում ստեղծված լարվածությունը և գյուղացիական տնտեսություններին ապահովել ոռոգման ջրով:
Այդուհանդերձ նա գոհացնող չհամարեց ձևավորված հասույթների դիմաց գանձումների մակարդակը և առաջարկեց ՋՕԸ-երի տնօրեններին` իրենց սպասարկման տարածքում գտնվող համայնքների ղեկավարների հետ միասին ակտիվացնել այդ ուղղությամբ տարվող աշխատանքները` բացառելով պարտքերի կուտակումը:
Օրակարգային հարցի առնչությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի առաջարկությամբ մարզի խորհրդի նիստի ավարտից հետո տեղի ունեցավ լրացուցիչ քննարկում:
01.12.2012 թվականի դրությամբ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները ներկայացրեց ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը: Ըստ նրա` հաշվետու ժամանակահատվածում մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների փաստացի մուտքերը նախատեսված 1 մլրդ 710 մլն 47.9 հազար դրամի դիմաց կազմել է 1 մլրդ 762 մլն 924 հազար դրամ, կատարողականը` 86.3 տոկոս: Հավաքագրման մակարդակը 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.1տոկոսով:
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի առաջարկով սեփական եկամուտների հավաքագրման ցածր ցուցանիշներ ունեցող յուրաքանչյուր համայնքի ղեկավար նախ ներկայացրեց վերջին երկու շաբաթվա ընթացքում կատարված հավաքագրումների արդյունքները, ապա մինչ տարեվերջ 100 տոկոս կատարողական ապահովելու հնարավորությունները: Մարզպետը հորդորեց համապատասխան համայնքների ղեկավարների` ամենօրյա աշխատանք տանել հավաքագրման ցուցանիշները սեղմ ժամկետներում բարելավելու ուղղությամբ:
Օրակարգային հարցի շրջանակում ելույթ ունեցավ նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը` հիմնականում անդրադառնալով "Գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին" ՀՀ օրենքի ու կից փոփոխությունների փաթեթի կիրառմանը և գրանցված անբավարար ցուցանիշներին` միաժամանակ ընդգծելով, որ այն լուրջ օգնություն է և տեղական ինքնակառավարման մարմիններին, և բնակչությանը: Նա հորդորեց համայնքապետերին բացատրական աշխատանքներ տանել բնակչության շրջանում, որպեսզի վերջիններս մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ն օգտվեն սահմանված արտոնությունից:
Մարզի խորհրդի նիստին ելույթ ունեցավ նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նա բարձր գնահատեց մարզի գյուղատնտեսության ոլորտի ընթացիկ տարվա ձեռքբերումները` դրանցում առանձնացնելով իշխանությունների կողմից 2012 թվականին իրականացված գյուղատնտեսության աջակցությանն ուղղված ծրագրերը, որոնք ըստ նախարարի` 2013 թվականին նույնպես շարունակվելու են: Նախարարն իր ելույթում անդրադարձավ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի արդիականացմանն ու միջազգային մրցունակության բարձրացմանը` հատկապես կարևորելով գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումը` դրանք համարելով գյուղատնտեսության զարգացման հեռանկարի հիմք: Սերգո Կարապետյանը ներկայացրեց նաև ոլորտին զարգացմանն ուղղված մի շարք այլ ծրագրեր ևս: Իսկ իր ելույթից հետո Գյուղատնտեսության նախարարը մարզպետ Աշոտ Ղահրամանյանին հանձնեց դեռևս հոկտեմբեր ամսին Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ և ՀՀ գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի ու բեղմնավոր աշխատանքի համար վերջինիս ստացած ՀՀ գյուղատնտեսության նախարարության <<Գյուղատնտեսական նվաճումների համար>> ոսկե մեդալը: