Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը

14.12.2012

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը, որը վարեց ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի <<Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ>> պետական հիմնարկի տնօրեն Ադիբեկ Ղազարյաը, մարզպետարանի և մարզային ստորաբաժանումների պատասխանատու պաշտոնյաներ, մարզի քաղաքային ու գյուղական համայնքների ղեկավարներ, ջրօգտագործող ընկերությունների (ՋՕԸ) տնօրեններ:

Մարզի խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին ՀՀ Արմավիրի մարզում 2012 թվականի և նախորդ տարվա գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների համեմատական արդյունքների և ընթացիկ տարում արտադրված գյուղմթերքների մթերումների դիմաց կազմակերպությունների ունեցած պարտքերին, մարզի համայնքապետարանների կողմից սպասարկվող գյուղական համայնքների ջրամատակարարման համակարգի սանիտարահիգիենիկ և սանիտարատեխնիկական վիճակին, ՋՕԸ-երի կողմից 2012 թվականին մատակարարված ոռոգման ջրի ծավալին, հասույթին և գանձումներին, ինչպես նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքներին` 01.12.2012 թվականի դրությամբ:

Օրակարգային առաջին հարցի շրջանակում ելույթ ունեցավ ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը` մասնավորապես նշելով, որ 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ մարզում հաշվառվել է 47 հազար 730 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, այդ թվում` կով` 18 հազար 212 գլուխ, մանր եղջերավոր` 70 հազար 406 գլուխ, խոզ` 12 հազար 402 գլուխ և թռչուն` 1 մլն 110 հազար 940 գլուխ: Նա մարզում հակահամաճարակային վիճակը որակեց կայուն` տեղելացնելով, որ սուր վարակիչ հիվանդություններից գրանցվել է միայն մեկ սիբիրախտի դեպք` Արմավիր համայնքում: Ըստ Արթուր Այվազյանի` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է միայն խոզերի գլխաքանակը, իսկ մյուս անասնատեսակների մասով գրանցվել է աճ:

Նրա խոսքով` 1213 հեկտարով մարզում ավելացել են ցանքատարածությունները, իսկ 2012 թվականի հունիսի 1-ի դրությամբ կատարվել է 29 հազար 224 հեկտարի ցանքս:
ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը նոյեմբերի 1-ի դրությամբ ներկայացրեց նաև արտադրված գյուղմթերքի ծավալը. Ըստ այդմ` հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 15 հազար տոննա հացահատիկ, 52.2 հազար տոննա կարտոֆիլ, 313.75 հազար տոննա բանջարեղեն, 129.5 հազար տոննա բոստան, 80.6 հազար տոննա պտուղ, 103.4 հազար տոննա խաղող և 140.8 հազար տոննա խոտ: Նրա տեղեկացմամբ` հաշվետու տարում մթերող կազմակերպությունների կողմից մթերվել է 59 հազար 230 տոննա խաղող, 3 հազար 839.2 տոննա պտուղ և 7 հազար 711.1 տոննա բանջարեղեն: Մթերված բերքի ծավալը 840.3 հազար տոննայով գերազանցում է նախորդ տարվա մակարդակը, իսկ մթերումների դիմաց պարտքն այս պահի դրությամբ կազմում է 236.6 մլն դրամ, որն ամբողջությամբ կմարվի մինչև դեկտեմբերի 20-ը:

Մարզի համայնքապետարանների կողմից սպասարկվող գյուղական համայնքների ջրամատակարարման համակարգի սանիտարահիգիենիկ և սանիտարատեխնիկական վիճակին անդրադարձավ ՀՀ առողջապահության նախարարության պետական հակահամաճարակային տեսչության Արմավիրի մարզային կենտրոնի պետ Հասմիկ Հարությունյանը` նշելով, որ մարզում համայնքները սնող աղբյուրների գլխամասային կառույցները հիմնականում չունեն սանիտարական պահպանման գոտիներ և համապատասխան կառույցներն ապահովված չեն քլորակայաններով, իսկ համայնքները սնող աղբյուրների ջրերը չեն ենթարկվում մշտական վարակազերծման: Ժամանակ առ ժամանակ ջուրը վարակազերծում են պարկուճների միջոցով, որն ըստ նրա` արդյունավետ չէ, քանի որ կատարվում է մեծ ընդհատումներով: Հասմիկ Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ համայնքապետարանների մեծ մասը չունեն նախատեսված մասնագետներ` ջրամատակարարման համակարգերի շահագործման և սպասարկման համար:
Օրակարգային հարցի առնչությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանն առաջարկեց համայնքապետերին առաջիկայում լուծել համայնքները սնող աղբյուրների գլխամասային կառույցները սանիտարական պահպանման գոտիներով ապահովելու հարցը, իսկ ջրամատակարարման համակարգերի շահագործման և սպասարկմնա համար համայնքապետարաններում համապատասխան անձնակազմ ունենալն ըստ մարզպետի` ենթադրում է լրացուցիչ ֆինանսական ծախսեր, որոնք այս պահին համայնքապետարաններն, ուղղակի, չեն կարող իրենց թույլ տալ:

ՋՕԸ-երի կողմից 2012 թվականին մատակարարված ոռոգման ջրի ծավալին, հասույթին և գանձումներին անդրադարձավ ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արաշես Բախշյանը` նախ ընդգծելով, որ թեպետ տարին սակավաջուր էր, սակայն հանրապետությունում 15 տոկոսով ավել ջրամատակարարում է իրականացվել և գործադրված համալիր ջանքերի արդյունքում հաջողվել է մեղմել ոռոգման սեզոնի սկզբում ստեղծված լարվածությունը և գյուղացիական տնտեսություններին ապահովել ոռոգման ջրով:
Այդուհանդերձ նա գոհացնող չհամարեց ձևավորված հասույթների դիմաց գանձումների մակարդակը և առաջարկեց ՋՕԸ-երի տնօրեններին` իրենց սպասարկման տարածքում գտնվող համայնքների ղեկավարների հետ միասին ակտիվացնել այդ ուղղությամբ տարվող աշխատանքները` բացառելով պարտքերի կուտակումը:

Օրակարգային հարցի առնչությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի առաջարկությամբ մարզի խորհրդի նիստի ավարտից հետո տեղի ունեցավ լրացուցիչ քննարկում:

01.12.2012 թվականի դրությամբ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները ներկայացրեց ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը: Ըստ նրա` հաշվետու ժամանակահատվածում մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների փաստացի մուտքերը նախատեսված 1 մլրդ 710 մլն 47.9 հազար դրամի դիմաց կազմել է 1 մլրդ 762 մլն 924 հազար դրամ, կատարողականը` 86.3 տոկոս: Հավաքագրման մակարդակը 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.1տոկոսով:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի առաջարկով սեփական եկամուտների հավաքագրման ցածր ցուցանիշներ ունեցող յուրաքանչյուր համայնքի ղեկավար նախ ներկայացրեց վերջին երկու շաբաթվա ընթացքում կատարված հավաքագրումների արդյունքները, ապա մինչ տարեվերջ 100 տոկոս կատարողական ապահովելու հնարավորությունները: Մարզպետը հորդորեց համապատասխան համայնքների ղեկավարների` ամենօրյա աշխատանք տանել հավաքագրման ցուցանիշները սեղմ ժամկետներում բարելավելու ուղղությամբ:

Օրակարգային հարցի շրջանակում ելույթ ունեցավ նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը` հիմնականում անդրադառնալով "Գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին" ՀՀ օրենքի ու կից փոփոխությունների փաթեթի կիրառմանը և գրանցված անբավարար ցուցանիշներին` միաժամանակ ընդգծելով, որ այն լուրջ օգնություն է և տեղական ինքնակառավարման մարմիններին, և բնակչությանը: Նա հորդորեց համայնքապետերին բացատրական աշխատանքներ տանել բնակչության շրջանում, որպեսզի վերջիններս մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ն օգտվեն սահմանված արտոնությունից:

Մարզի խորհրդի նիստին ելույթ ունեցավ նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նա բարձր գնահատեց մարզի գյուղատնտեսության ոլորտի ընթացիկ տարվա ձեռքբերումները` դրանցում առանձնացնելով իշխանությունների կողմից 2012 թվականին իրականացված գյուղատնտեսության աջակցությանն ուղղված ծրագրերը, որոնք ըստ նախարարի` 2013 թվականին նույնպես շարունակվելու են: Նախարարն իր ելույթում անդրադարձավ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի արդիականացմանն ու միջազգային մրցունակության բարձրացմանը` հատկապես կարևորելով գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումը` դրանք համարելով գյուղատնտեսության զարգացման հեռանկարի հիմք: Սերգո Կարապետյանը ներկայացրեց նաև ոլորտին զարգացմանն ուղղված մի շարք այլ ծրագրեր ևս: Իսկ իր ելույթից հետո Գյուղատնտեսության նախարարը մարզպետ Աշոտ Ղահրամանյանին հանձնեց դեռևս հոկտեմբեր ամսին Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ և ՀՀ գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի ու բեղմնավոր աշխատանքի համար վերջինիս ստացած ՀՀ գյուղատնտեսության նախարարության <<Գյուղատնտեսական նվաճումների համար>> ոսկե մեդալը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28