Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը
28.12.2012
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր հրավիրված տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին ներկայացրեց հաշվետուու ժամանակահատվածում մարզում իրականացված հիմնական աշխատանքները և 2013 թվականին նախատեսված ծրագրերը:
Ըստ մարզպետի` 2012 թվականը, ընդհանուր առմամբ, ձեքբերումների տարի է եղել մարզի համար. մարզային տնտեսության տարբեր ոլորտներում գրանցվել են բազմաթիվ հաջողություններ, պետական և մասնավոր ներդրումների արդյունքում, ի տես բոլորի, իրականացվել են շուրջ 15 մլրդ դրամի տարբեր ոլորտային ծրագրեր:
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խոսքով` գյուղատնտեսական մթերքների շտեմարան հանդիսացող Արմավիրի մարզը, ի պատիվ գյուղացիների օրնիբուն աշխատանքի, նախորդ տարվա համեմատությամբ գերազանցել է բուսաբուծական բոլոր մթերքների արտադրության ծավալը` բացառությամբ հացահատիկի: Ավելացել է նաև անասնատեսակների գլխաքանակը, անասնապահական մթերքների արտադրության ծավալը:
Ըստ նրա` մարզում գործող վերամշակող կազմակերպությունների կողմից մթերվել է 59.230 հազար տոննա խաղող, 3.839 հազար տոննա պտուղ, 7.711 հազար տոննա բանջարեղեն: Մթերված բերքի ծավալը 840.3 հազար տոննայով գերազանցել է նախորդ տարվա մակարդակը: Մարզում մթերվել է 8 մլրդ դրամի միրգ և բանջարեղեն, մթերումների դիմաց պարտքն էլ այս պահի դրությամբ կազմում է շուրջ 50 մլն դրամ, որն ամբողջությամբ կմարվի մինչև դեկտեմբերի 31-ը:
Մարզպետը ներկայացրեց նաև քաղաքաշինության ոլորտում իրականացված աշխատանքները, մասնավորապես անդրադառնալով նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատություններում, մեծ թվով բազմաբնակարան շենքերում, ջրամատակարարման համակարգում իրականացված հիմնանորոգման ծրագրերին:
Անդրադառնալով սոցիալական ոլորտին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ սահմանված ժամանակահատվածում մարզի երեք սոցիալական ծառայությունների տարածքային գրասենյակներում կազմակերպվել և իրականացվել են ընտանիքների անապահովության գնահատման համակարգով հաշվառված ընտանիքների փաստագրման աշխատանքները և դեկտեմբերի 1-ի դրությամբ մարզում փաստագրվել է 6401 ընտանիք, որոնցից նպաստառու է` 5196-ը: Նա նշեց, որ մարզպետարանն այս ժամանակահատվածում հրատապ դրամական օգնություն է տրամադրել 2129 ընտանիքի:
Մարզպետի տեղեկացմամբ` հաշվետու տարում ՀՀ Արմավիրի մարզպետարանը բնակիչներից ստացել է տարբեր հարցերի վերաբերող թվով 1642 նամակ, որոնց պատասխան է տրվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
Նա ներկայացրեց նաև վերջին հինգ տարիներին մարզի համայնքներում աշխատավարձերի և սոցիալական վճարների մասով կուտակված պարտքերի մարման դինամիկան` փաստելով, որ 2008 թվականի համեմատությամբ մարզում կտրուկ նվազել են այդ ուղղությամբ պարտքերը` 362 մլն 387.7 հազար դրամից 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ հասնելով շուրջ 20 մլն դրամի, իսկ ընթացիկ պարտքեր չեն կուտակվել: Մարզպետը տեղեկացրեց նաև, որ 27.12.2012 թվականի դրությամբ մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների փաստացի մուտքերի կատարողականը կազմել է 98.5 տոկոս և հույս հայտնեց, որ մինչև աշխատանքային օրվա ավարտը կբարձրանա` հասնելով 100 տոկոսի:
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը խոսեց նաև արտաքին հարաբերությունների ոլորտում իրականացված աշխատանքների, նախատեսվող ծրագրերի մասին և ընդգծեց, որ անցնող տարում դրանց նոր որակ և բովանդակություն է հաղորդվել: Նա ամփոփ ներկայացրեց նաև 2013 թվականի հիմնական անելիքները, ապա նաև պատասխանեց զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին: