Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

28.12.2012

Արմավիրի մարզի հարգարժան բնակիչնե'ր,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Տոներ, որոնք խորհրդանշում են նորի ու լուսավորի սկիզբը և մեզ համակում գալիքի հանդեպ անսպառ հույսով ու հավատով, մեր կյանքը, մեր առօրյան բարեփոխելու կամքով ու վճռականությամբ:

Հարգելինե'րս, 2012 թվականն Արմավիրի մարզի համար, ընդհանուր առմամբ, առաջընթացի և ձեռքբերումների տարի էր. մարզում պետական և մասնավոր ներդրումների արդյունքում շարունակություն ունեցան բազմաթիվ քաղաքաշինական, գյուղատնտեսական, սոցիալ-տնտեսական, առողջապահական և կրթական ծրագրեր, նոր որակ հաղորդվեց արտաքին հարաբերություններին: Մարզային իշխանությունն էլ իր հերթին արեց հնարավորը` իրեն վերապահված լիազորությունների և պարտավորությունների շրջանակներում ինչպես ներքին կանոնակարգային գործառույթները բարձր մակարդակով իրականացնելու, այնպես էլ մարզի ազգաբնակչությանը հուզող խնդիրներն անհետևանք չթողնելու գործում: Իսկ այն, ինչ մեզ չհաջողվեց 2012 թվականին, վստահ եմ, որ կյանքի կկոչենք և կիրագործենք 2013 թվականին` էապես բարելավելով մարզի ազգաբնակչության կյանքի որակը:

Հավատացած եղե'ք, մենք իսկապես կարող ենք ավելի լավ ապրել և արժանի ենք ավելի լավ կյանքի: Ուստի 2013 թվականին մեզանից յուրաքանչյուրը, անկախ զբաղեցրած դիրքից, քաղաքական հայացքներից ու պատկանելությունից, պետք է աշխատի առավել արդյունավետ, պատասխանատվության առավել բարձր զգացումով` մեր երկիրը, մեր բնակավայրը և մեր օջախը շենացնելու մեծ պատրաստակամությամբ: Ինքներս գիտենք, որ հաջողությունը, սերն ու երջանկությունը թևածում են այնտեղ, ուր կա համերաշխություն, փոխըմբռնում և համախմբվածություն ընդհանուր նպատակի շուրջ:

Արմավիրի մարզի հարգարժան բնակիչնե'ր,
Ցանկանում եմ, որ 2013 թվականը բոլորիս համար լինի խաղաղ արարման տարի և բերի նոր հաղթանակներ ու ավելացնի վստահությունը սեփական ուժերի հանդեպ: Թող հաջորդ տարին ամփոփելիս արձանագրենք, որ օրախնդիր հիմնահարցերը նահանջել են և նոր տարում առաջընթացի նոր հորիզոններ ուրվագծենք:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28