Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բանակի օրվան ընդառաջ

25.01.2013

Այսօր Արմավիրի մշակույթի տանը մեծ հանդիսությամբ նշվեց Հայոց բանակի կազմավորման 21-ամյա հոբելյանը, որին մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, Հանրապետական գործադիր մարմինների և զինված ուժերի մարզային ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները:

Հայոց բանակի կազմավորմանը նվիրված հանդիսավոր նիստի բացումն ազդարարվեց տերունական աղոթքով և Արմավիրի հոգևոր առաջնորդի օրհնության խոսքով, իսկ հաջորդիվ ներս բերվեց Հայոց եռագույնը և հնչեց օրհներգը:

Օրվա առթիվ ներկաներին ողջունեց և շնորհավորանքի խոսք հղեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, որում  ասված էր.<<Սիրելի բարեկամներ, հիշարժան այս հանդիսության հարգարժան մասնակիցներ, Հայոց բանակի սպաներ, զինվորներ, հյուրեր,

Այսօր մենք հպարտ ենք, որ Հայոց պանծալի բանակի 21-րդ տարեդարձը մեզ նորից պարգևել է համազգային սիրո և անմոռաց տոնական պահեր: Աշխարհին է հայտնի, որ մեր ազգային բանակի փառքի և հիացումի սխրանքները սրբագործվել են Արցախի գոյամարտում` հավաստելով հայ զինվորի ոգու արիությունն ու անսասան կամքը:

Վաղուց արդեն անժխտելի փաստ է, որ բանակը իր սրբազան պարտքով, ժամանակակից զինվածությամբ և ազնիվ նպատակներով դարձել է մեր ժողովրդի հաջողության ու մեր հայրենիքի հզորության աննկուն պաշտպանը: Բոլորելով լուսապսակ իր 21 տարին` նա երիտասարդի վիթխարի ներուժով տարեցտարի դառնում է ավելի ուժեղ ու ազդեցիկ, հավասարը հավասարի հետ ասելիք ու պահանջ ունի և դեռ էն գլխից գիտի իր առաքելության գերագույն իմաստը:

Թշնամուն սաստելով նրա իսկ որջում` մեր զորամիավորումներն այսօր պաշտպանական դիրքերում են` ցուցաբերելով նվիրում և աչալրջություն: Բանակը մեր պետության ամենօրյա զորակցությամբ, զինված ուժերի և նրա Գլխավոր հրամանատարի առաջնորդությամբ` արարելու հնարավորություն են տալիս բազմաչարչար, վաստակած ու հաղթանակած մեր ժողովրդին: Մեզ բաժին հասած բոլոր հաղթանակները ձեռք են բերվել ինքնամոռաց խիզախությամբ, փառքերով պսակված մեր զավակների կյանքի գնով: Իսկ այն նահատակները, ովքեր սեփական արյամբ փրկեցին հայրենի տունը, հողը, մորն ու մանկանը, ովքեր հանուն Հայաստանի ապագայի մնացին ռազմի դաշտերում, միշտ կլինեն մեզ հետ ու մեր շարքերում:

Այս հանդիսավոր պահին, խոնարհում, փառք ու պատիվ տալով բոլոր զոհվածներին, մեր կողքին պետք է զգանք նրանց ներկայությունը և հոտնկայս ու հպարտ` հարգենք նրանց հիշատակը:

Սիրելի բարեկամներ, գաղտնիք չէ, որ աշխարհը, այդ թվում մեր տարածաշրջանը, կանգնած են լուրջ մարտահրավերների առջև: Մեր պետությունն ու երկրի ղեկավարությունը ձգտում են պահպանելու մշտական կայունությունը և ամրապնդելու թանկ գնով ձեռք բերված խաղաղությունը: Իսկ այդ ամենի գլխավոր երաշխիքը դարձյալ Հայոց բանակն է, պետության և բանակի միասնական կամքը, մեր ժողովրդի նվիրումն ու մշտական աջակցությունը:

2013 թվականը նույնպես վճռորոշ տարի է, նրա հիմքում Հայաստան երկիրը տեսնում է բարության և ապահով կյանքի հորիզոններ, իսկ մեր ժողովուրդն ակնկալում է կատարվածի ու ձեռք բերվածի շարունակականություն, երկրի շենացման գործում` նվիրական բաղձանքների իրականացում:

Սիրելի բարեկամներ, այսօր, իսկապես, մեր տոնացույցի ամենապայծառ օրերից մեկն է, որով հպարտանալու իրավունք ունի մեզնից յուրաքանչյուրը: Ազգային բանակը մեր զինանշանի խորհուրդն է, մեր ներկայի ու ապագայի վստահելի կամուրջը:

Ուրեմն` փառք ու պատիվ մեր բանակին, նրա բոլոր ստորաբաժանումների անձնակազմերին, ովքեր գիշերուզօր պաշտպանում են Հայաստան երկրի սահմանները, իրենց միասնական հզորությամբ պատրաստ են դիմակայելու թշնամական բոլոր ոտնձգություններին:

Կեցցե´, Հայոց ազգային բանակը` խաղաղության ամրապնդման և մեր ժողովրդի հպարտության 21-ամյա հսկան>>:

Հայոց բանակի կազմավորման 21–ամյա հոբելյանի առթիվ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը դրամական պարգևներ հանձնեց զինված ուժերի մարզային  ստորաբաժանումների մեծ թվով սպաների:
Միջոցառումն ամփոփվեց տոնական համերգով և հյուրասիրությամբ:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57