Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշոտ Ղահրամանյանն ընդունեց Հայաստանում Միացյալ Թագավորության համատեղ դեսպաններից Ջոնաթոն Ջեյմս Էյվսին
15.03.2013
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Հայաստանում Միացյալ Թագավորության համատեղ դեսպաններից Ջոնաթոն Ջեյմս Էյվսին: Նա ողջունեց դեսպանի այցն Արմավիրի մարզ և ընդհանուր տեղեկություններ ներկայացրեց մարզի վերաբերյալ.
<<Արմավիրը գյուղատնտեսական ուղղվածության մարզ է և ապահովում է հանրապետությունում գյուղմթերքի ընդհանուր ծավալի շուրջ 25-30 տոկոսը>>,- ասաց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը` ընդգծելով, որ վերջին տարիներին մարզում կտրուկ աճել է մրգի և բանջարեղենի արտադրության ծավալը, որն էլ ըստ նրա` պայմանավորված է հողագործին ցուցաբերվող պետական աջակցության տարաբնույթ ծրագրերով: Այնուհետև նա ներկայացրեց ոլորտում դեռևս առկա խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Մարզպետը տեղեկացրեց, որ մեծ ուշադրություն է դրաձվում կրթօջախների վերանորոգմանը, կրթադաստիարակչական գործընթացի արդյունավետ կազմակերպմանն ու դպրոցականների գեղագիտական զարգացմանը: Նա ներկայացրեց ոլորտում իրականացված և նախատեսվող ծրագրերը, խոսեց աշակերտների առաջադիմության, տարբեր օլիմպիադաներում նրանց մասնակցության և գրանցված արդյունքների մասին:
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն անդրադարձավ նաև առողջապահության ոլորտին և մասնավորապես խոսելով Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրի շրջանակներում շուրջ երեք տարի առաջ վերանորոգված "Արմավիր" բժշկական կենտրոնի գործունեության, բուժծառայությունների ընդլայնված ցանկի և որակի մասին` վստահեցրեց, որ այն կարելի է համարել Հայաստանի առաջատար բուժսպասարկման կենտրոններից մեկը, որը համագործակցված աշխատում է նաև հանրապետության լավագույն մասնագետների հետ և հոգում մարզի ազգաբնակչության առողջական խնդիրները:
Մարզպետը ներկայացրեց նաև մարզի պատմամաշակությին նկարագիրը, արտաքին հարաբերությունների բնագավառում իրականացված աշխատանքները, արձանագրված հաջողություններն ու նախատեսվող անելիքները:
Շնորհակալություն հայտնելով մարզպետ Աշոտ Ղահրամանյանին ջերմ ընդունելության և մարզի վերաբերյալ հետաքրքրական տեղեկություններ ներկայացնելու համար` դեսպան Ջոնաթոն Ջեյմս Էյվսին շնորհավորեց նրան մարզում արձանագրված հաջողությունների համար և նշեց, որ կփորձի կապեր հաստատել Արմավիրի մարզի և Միացյալ Թագավորության որևէ նահանգի միջև:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց աշնանը բրիտանական դեսպանատան կողմից կազմակերպվող ֆորումին մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մասնակցության վերաբերյալ, որն էլ ըստ դեսպանի` կխթան հետագա համագործակցությունը: