Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի 2013 թվականի անդրանիկ նիստը

18.03.2013

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի 2013 թվականի անդրանիկ նիստը, որը վարեց ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալներ Լարիս Մուրադյանը, Մովսես Քարտաշյանը, ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարները, ջրօգտագործող ընկերությունների (ՋՕԸ) տնօրեններն ու պատասխանատու այլ անձինք:

Մարզի խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին ՀՀ Արմավիրի մարզում գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման ընթացքին, 2013 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ Արմավիրի մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքներին և աշխատավարձերի վճարման ընթացքին:

Օրակարգային առաջին հարցի առնչությամբ ելույթ ունեցավ ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը` մասնավորապես նշելով, որ 2013 թվականի գարնան նախապատրաստական աշխատանքները ՀՀ Արմավիրի մարզպետարանը, մարզի համայնքները, ՋՕԸ-երը և տնտեսվարող գյուղացիական տնտեսություններն ու ֆերմերները սկսել են դեռևս նախորդ տարվա  նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից` մարզի զարգացման գերակա ուղղությունները և առաջնահերթ խնդիրները որոշելով և դրանց լուծմանն ուղղված համապատասխան ծրագրերի մշակելով:

Նրա խոսքով՝ ներկա դրությամբ մարզում ավարտվել է ապակյա և պոլիէթիլենային թաղանթի տակ ջերմատնեսային տնտեսություններում բանջարեղենի տարբեր տեսակների ցանքի և սածիլների աճեցման աշխատանքները, մինչև այս ամսվա ավարտը կսկսվի շուրջ 1500 հա պոլիէթիլենային թաղանթի տակ մշակվող վաղահաս բանջարեղենի ցանքը, լայն թափով ընթանում է կարտոֆիլի տունկը: Ավարտին են մոտենում պտղատու և խաղողի այգիների էտի և ձևավորման աշխատանքները, խաղողի այգիների չոր կապի, պտղատու այգիների 1-ին բուժման աշխատանքները:

Ըստ մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի՝ գարնանային հրատապ աշխատանքների իրականացման շրջանակներում առաջնային համարելով մարզի տարածքում գետերի գարնանային հեղեղումների դեմ պայքարի աշխատանքների կազմակերպումը՝ ՀՀ Արմավիրի մարզպետի համապատասխան կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովը ուսումնասիրել է մարզի տարածքով հոսող Արաքս, Քասախ, Մեծամոր գետերի և հեղեղատների ափապատնեշների փաստացի վիճակը, առանձնացվել են առաջնահերթ մաքրման ենթակա տարածքները, որոնք ներկայացվել են ՀՀ տարածքային կառավարման և գյուղատնտեսության նախարարություններ:

Արթուր Այվազյանի տեղեկացմամբ՝ այժմ պետական բյուջեից հատկացված միջոցներով Փշատավան համայնքի վարչական տարածքում աշխատանքներ են իրականացվում Արաքս գետի արգելաթմբի ամրացման, իսկ Ակնաշեն համայնքի վարչական տարածքում՝ Մեծամոր գետի ափապատնեշների ամրացման ուղղությամբ: Ընթացքի մեջ են նաև Խանջյանի և Մեծամորի հեղեղատարների հուների մաքրման ու ափերի բարձրացման աշխատանքները:

Նշվեց, որ ոռոգման համար նախատեսված ավելի քան 45 հազար հա հողատարածքների ոռոգման նպատակով ջրօգտագործողների հետ կնքվել են համապատասխան պայմանագրեր, ակտիվորեն ընթանում են ավելի քան 4816 կմ երկարությամբ միջտնտեսային և ներտնտեսային ցանցերի մաքրման, ինչպես նաև խորքային հորերի և պոմպակայանների վերանորոգման աշխատանքները:

Ներկայացնելով ցանքատարածությունների, գյուղատնտեսական արտադրության ծավալների ավելացման, ինչպես նաև գյուղացիական տնտեսությունների եկամուտների մեծացման նպատակով ՀՀ կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերը՝ մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը մասնավորապես ընդգծեց, որ առաջիկա օրերին մարզին կհատկացվի 7000 կգ գարնանացան գարու և 1630 կգ առվույտի սերմացու՝ տրամադրելու 2012 թվականի ընթացքում հայտեր ներկայացրած համայքներին: Նույնատիպ հայտերի հիման վրա ՀՀ կառավարության համապատասխան ծրագրերով մարզին հատկացվել է նաև 7000 տոննա ազոտական պարատանյութ և 2000 տոննա դիզելային վառելանյութ՝ շուկայականից անհամեմատ ցածր գներով: Միաժամանակ տեղեկացվեց, որ արդեն որոշակի խմբաքանակ ներկրվել է մարզ և հատկացվել համայնքներին:

Անդրադառնալով գյուղատնտեսական արտադրության կարևորագույն ճյուղերից մեկին՝ անասնաբուծությանը, Արթուր Այվազյանը հայտնեց, որ անասնագլխաքանակը տարեցտարի մարզում ավելանում է, և 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառվել է 54894 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, 90025 գլուխ մանր եղջերավոր կենդանի, 20683 գլուխ խոզ, 1511529 գլուխ թռչուն:

Իր զեկույցում մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետն անդրադարձավ նաև գյուղմթերքի իրացման հարցին՝ նշելով, որ ՀՀ կառավարությունն առաջարկել է բոլոր վերամշակող ձեռնարկություններին՝ մթերել արտադրված գյուղմթերքի գրեթե ողջ ծավալը` նախապես կնքված պայմանագրերի հիման վրա: Ընդգծելով, որ գյուղատնտեսկան արտադրությունն առանց վարկավորման անհնարին է պատկերացնել՝  նա միաժամանակ տեղեկացրեց, որ տրամադրվող վարկերի հասանելիությունը բնակչության լայն խավերին ապահովելու, ինչպես նաև ցածր տոկոսադրույքներով տրամադրելու նպատակով՝ ՀՀ կառավարությունն այս տարի ևս շարունակելու է վարկերի սուբսիդավորման գործընթացը: Վարկերը կտրամադրվեն առավելագույնը 3 մլն դրամ արժեքով, 2 տարի ժամկետով, վեց ամիս հետո մարելու պայմանով և 14 տոկոս տոկոսադրույքով, որից 4-6 տոկոսը, կախված համայնքի աղքատության մակարդակից, կսուբսիդավորի պետությունը:

2013 թվականի մարտի 1-ի դրությամբ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները ներկայացրեց ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը: Ըստ նրա` հաշվետու ժամանակահատվածում մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների փաստացի մուտքերը նախատեսված 297 մլն 486.3 հազար դրամի դիմաց կազմել են 221 մլն 932.4 հազար դրամ, կատարողականը` 74.6 տոկոս: Հավաքագրման մակարդակը 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.6 տոկոսով: Նա տեղեկացրեց նաև, որ նշված ժամանակահատվածում մարզի համայնքներում գոյացել է 6 մլն դրամ ընթացիկ աշխատավարձի պարտք:

Այնուհետև Վարազդատ Մկրտչյանը ներկայացրեց 50 տոկոսից ցածր հավաքագրում ապահոված և աշխատավարձերի ընթացիկ պարտքեր կուտակած համայնքները:

Համապատասխան համայնքների ղեկավարներին մարզպետ Աշոտ Ղահրամանյանն առաջարկեց ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին` ապահովելով համայնքի բյուջեով պլանավորված սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները և միաժամանակ կոչ արեց սեղմ ժամկետներում մարել աշխատավարձերի ընթացիկ պարտքերը:
Օրակարգային հարցերի ավարտից հետո եղան նաև հայտարարություններ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15