Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվեցին բույսերի պաշտպանությանը վերաբերող հարցեր
20.03.2013
Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետարանում հրավիրված խորհրդակցությանը քննարկվեցին մարզի Գայ և Աղավնատուն համայնքներում խաղողի ֆիլոքսերա վնասատուի, ինչպես նաև մարզի մի շարք այլ համայնքներում կարտոֆիլի ցեց և լոլիկի ականող ցեց վնասատուների տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումներին վերաբերող հարցեր:
Քննարկմանը մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը, նախարարության և մարզպետարանի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ, համապատասխան համայնքների ղեկավարներ և ոլորտի այլ պատասխանատուներ:
Կարևորելով վերը նշված վնասատուների և հատկապես ֆիլոքսերա վնասատուի տարածման կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացումը՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ միայն այդպիսով կհաջողվի սահմափակել վնասատուի զարգացումն ու հետագա տարածումը՝ կրճատելով գյուղացիական տնտեսություններին հասցվող տնտեսական վնասը: Որպես մարզային իշխանության ղեկավար՝ նա պատրաստակամություն հայտնեց աջակցելու նախատեսվող աշխատանքների օպերատիվ իրագործմանը:
Գյուղատնտեսության փոխնախարարը տեղեկացրեց, որ մարզի խաղողի վնասատուով վարակված տարածքներում բույսերի պաշտպանության միջոցառումներ իրականացնելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է հատկացնել ավելի քան 33 մլն դրամ: Նշված գումարից միայն 27մլն 933.5 հազար դրամը սոցիալական աջակցության տեսքով կտրամադրվի ֆիլոքսերայով վարակված տարածքների սեփականատերերին՝ 1 հա դիմաց 1մլն 61.4 հազար դրամի չափով: Սամվել Գալստյանի խոսքով՝ սոցիալական աջակցության այս ծրագիրը կիրականացվի նաև հաջորդ երկու տարիներին:
Որպես վարակի օջախի վերացման միջոց՝ կիրականացվեն Աղավնատուն համայնքի 27 հա խաղողի այգիների վարակված 5.83 հա և Գայ համայնքի 2.33 հա մակերեսով խաղողի այգիների քանդում, ոչնչացում, բույսերի պաշտպանության ընթացիկ միջոցառումներ:
Կարտոֆիլի ցեց և լոլիկի ականող ցեց վնասատուների տարածման կանխարգելման նպատակով Սննդամթերքի պետական ծառայության բուսասանիտարիայի տեսուցչներին, Անասնաբուժասանիտարիայի, "Սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն" ՊՈԱԿ-ի մարզային կենտրոնի աշխատակիցներին և համապատասխան համայնքների ղեկավարներին կոչ արվեց բացատրական աշխատանքներ տանել հողօգտագործողների հետ և վնասատուների դեմ պայքարի միջոցառումներ իրականացնել: