Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հուշ ցերեկույթ՝ Ակնալիճ համայնքի միջնակարգ դպրոցում
05.04.2013
Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանների ասպետ Արա Հարությունյանի անունը կրող Ակնալճի միջնակարգ դպորցում այսօր հուշ-ցերեկույթ էր՝ նվիրված ազատամարտիկի մահվան 20-ամյա տարելիցին:
1989 թվականին Արա Հարությունյանն անդամագրվելով Արցախյան ազգային-ազատագրական շարժմանը՝ իր մասնակցությունն է ունեցել Հադրութի շրջանի Էդիլլուի ձորակի, Մարտակերտի շրջանի Հաթերք և մի շարք այլ բնակավայրերի պաշտպանական գործողություններին: Նրա անմիջական ղեկավարությամբ ազատագրվել են Հադրութի շրջանի Հողեր, Չիման, Մելիքաշեն, Բուլթան գյուղերը: Նա զոհվել է 1993 թվականի ապրիլի 5-ին՝ Հադրութի շրջանի Կաքավասար բարձունքի ազատագրման համար մղված անհավասար մարտում:
1994 թվականին Ակնալիճի միջնակարգ դպրոցն անվանակոչվել է Արա Հարությունյանի անվամբ՝ վառ պահելով կրթօջախի երբեմնի սանի և հանուն հայրենիքի պաշտպանության մարտնչած և իր կյանք զոհած հայորդու հիշատակը:
Արա Հարությունյանի մահվան տարելիցի կապակցությամբ մարզային իշխանությունները՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորությամբ, այսօր այցելեցին Ակնալիճ գյուղի Եղբարական պանթեոն, հարգանքի տուրք մատուցեցին զոհված ազատամարտիկի հիշատակին և ծաղիկներ խոնարհեցին նրա շիրիմին: