Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վաղարշապատի տարածաշրջանում հիմնվեց հայկական ծիրանի կոլեկցիոն այգի
05.04.2013
Ծիրանի արտադրության, այգիների կառավարման, ինտենսիվացման, սորտերի ընտրության և գենոֆոնդի պահպանման ոլորտում առկա հարցերին լուծում տալու նպատակով ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ Հայաստանում կյանքի է կոչվել “Ծիրանի գենետիկ ռեսուրսների պահպանում և օգտագործում” ծրագիրը:
Ծրագրի առաջնահերթ խնդիրն է` ստեղծել հայկական ծիրանենու կոլեկցիոն այգի ծիրանի գենետիկ ռեսուրսների պահպանման և հետագա օգտագործման նպատակով, զարգացնել ծիրանենու մշակությունը` օգտագործելով նոր ագրոտեխնիկա, ցածրաճ պատվաստակալներ, միևնույն ժամանակ արտադրության բնագավառում ներմուծելով առաջավոր երկրների փորձն ու նվաճումները:
Կոլեկցիոն այգու հիմնման նպատակով Վաղարշապատի տարծաշրջանում ՀՀ գյուղատնտեսության նախարարության Երկրագործության գիտական կենտրոնին հատկացված 5 հա հողատարածքի վրա այսօր հիմնվեց 82 տեսակ ծիրանենու կոլեկցիոն այգի: Այգու հիմնմանը ներկա էին ՀՀ գյուղտանտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և պատասխանատու այլ անձինք:
Կոլեկցիոն այգին բաց է լինելու բոլոր գիտնականների, հետազոտողների, ինչպես նաև արտադրողների առջև: Դրա մի մասը ծառայելու է որպես մայրուտ և հասանելի է լինելու տնկանյութ արտադրողների համար: