Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
396 մլն դրամ` ջրային համակարգերի նորոգմանը
12.04.2013
Ապրիլի 11-ին տեղի ունեցած կառավարության նիստում գործադրի պահուստային ֆոնդից մոտ 396 մլն դրամ է հատկացվել ոռոգման ոլորտի կազմակերպությունների կողմից շահագործվող մի շարք ջրային համակարգերի ամենամյա նորոգման, ոլորտի հրատապ լուծում պահանջող աշխատանքների իրականացման և ոռոգման սեզոնի արդյունավետ կազմակերպման նպատակով։ Մոտ 366 մլն դրամով իրականացվելու է Սևջուր գետի և ստորգետնյա ավազանների սակավաջրության դեմ պայքարելու ծրագիրը, 30 մլն դրամով Արմավիրի մարզում /Գրիբոյեդով, Խորոնք, Երասխահուն, Արտաշար, Եղեգնուտ, Վարդանաշեն համայնքներում/ հորատվելու են խմելու ջրի խորքային հորեր։
Նիստի ժամանակ զեկուցվել է, որ բոլոր մայր ջրատարները պատրաստ են ոռոգման սեզոնին։ Ճիշտ է, ջրամբարների լցվածությունը դեռևս բավարար չէ, սակայն ապրիլ-մայիսին սպասվող տեղումները կարող են լրացնել այդ բացը։
Տիգրան Սարգսյանը հետաքրքրվել է, թե ջրի ապահովվածության տեսակետից ինչ համեմատություն կարելի է անել նախորդ տարվա հետ. պարզվել է, որ այսօրվա տվյալով վիճակն ավելի բարվոք է։