Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ ասմունքի մանկապատանեկան փառատոնի Արմավիրի մարզային եզրափակիչ փուլը
02.05.2013
Այսօր Արմավիրի թիվ 1 մշակույթի տանը կայացավ արդեն ավանդական դարձած ասմունքի մանկապատանեկան 6-րդ փառատոնի մարզային 2-րդ եզրափակիչ փուլը: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու ներքո անցկացվող միջոցառումն այս անգամ նվիրված էր հայ մեծանուն բանաստեղծներ Պարույր Սևակին և Համո Սահյանին: Մրցույթն անցկացնող հանրապետական ժյուրիի կազմում ընդգրկված էին մշակութային տարբեր բնագավառների ներկայացուցիչներ:
Մասնակից 43 դպրոցականներից կընտրվեն 6 լավագույն ասմուքողներ, ովքեր կմասնակցեն փառատոնի հանրապետական՝ եզրափակիչ փուլին:
Ժյուրիի անդամներից գրող, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, խոսելով փառատոնի մասին, նշեց, որ այն հրաշալի միջոց է հայ երեխաների մեջ դեպի հայ մշակույթը սեր արթնացնելու, ինչպես նաև հայ ինքնության գաղափարն արմատավորելու համար:
Հավելենք, որ նախորդ ամսին ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունն անցկացրել է փառատոնի նախնական փուլը, որի արդյունքում երկու տարիքային խմբերից (11-14 և 15-17) համապատասխանաբար ընտրվել են 20-ական լավագույն ասմունքողներ՝ մարզային 2-րդ եզրափակիչ փուլին մասնակցելու համար: