Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորհրդակցություն՝ համայնքների ղեկավարների մասնակցությամբ
07.05.2013
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մոտ այսօր մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած հերթական խորհրդակցությանը քննարկվեցին պետական ծրագրով համայնքներին տրամադրվող պարարտանյութի և դիզելային վառելանյութի համար նախատեսված գումարների հավաքագրմանը և համապատասխան խմբաքանակների բաշխմանը, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածում համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը վերաբերող հարցեր:
ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը, անդրադառնալով ՀՀ կառավարության 28.02.2013 թվականի թիվ 189-Ն որոշմամբ մարզի գյուղացիական տնտեսություններին որպես աջակցություն տրամադրված 7 հազար տոննա ազոտական պարարտանյութի և 2 հազար տոննա կամ 2 մլն 342 հազար լիտր դիզելային վառելանյութի դիմաց նախատեսված գումարների հավաքագրմանը և նշված խմբաքանակների բաշխմանը, նշեց, որ մայիսի 6-ի դրությամբ մարզի համայնքները վճարել են 6 հազար 232 տոննա ազոտական պարարտանյութի դիմաց: Այս պահի դրությամբ մարզ է ներկրվել 5 հազար 631 տոննա ազոտական պարարտանյութ և 70 համայնքի հետ կատարվել է վերջնահաշվարկ:
Նրա տեղեկացմամբ՝ նույն ժամանակահատվածի դրությամբ մարզի համայնքների կողմից վճարվել է 1 մլն 437 հազար 772 լիտր դիզելային վառելանյութի դիմաց և 1 մլն 389 հազար 40 լիտր դիզելային վառելանյութ արդեն ներկրվել է համայնքներ, իսկ 39 համայնքի հետ իրականացվել է վերջնահաշվարկ:
2013 թվականի մայիսի 1-ի դրությամբ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները ներկայացրեց ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը: Ըստ նրա` հաշվետու ժամանակահատվածում մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների փաստացի մուտքերը նախատեսված 584 մլն 474.7 հազար դրամի դիմաց կազմել են 405 մլն 787 հազար դրամ, կատարողականը` 69.4 տոկոս: Հավաքագրման մակարդակը 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 5.4 տոկոսով:
Սեփական եկամուտների 50 տոկոսից ցածր հավաքագրում ապահոված համայնքների ղեկավարներին մարզպետ Աշոտ Ղահրամանյանն առաջարկեց ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել հավաքագրման գործընթացին՝ ամսեկան, եռամսյակային, կիսամյակային և տարեկան կտրվածքով ապահովելով բյուջեով պլանավորված սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները:
Խորհրդակցությանը մարզպետն անդրադարձավ Հաղթանակի և խաղաղության, ինչպես նաև Հանրապետության տոներին նվիրված միջոցառումների կազմակերպմանը:
Քննարկվեցին նաև ընթացիկ մի շարք այլ հարցեր: