Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզային և համայնքային հանձնաժողովները շարունակում են աշխատանքները կարկտահարությունից տուժած համայնքներում
15.05.2013
Մայիսի 13-ից մարզային և համայնքային հանձնաժողովները շարունակում են աշխատանքները կարկտահարությունից տուժած չորս տասնյակից ավել համայնքում` ցուցակագրելով գյուղացիական տնտեսությունների կրած վնասի չափերը` ըստ հողատարածքների, մշակաբույսերի և վնասի տոկոսային աստիճանի:
Նշված աշխատանքների ավարտից հետո համայնքային հանձնաժողովների կողմից կկազմվեն կարկտահարության հասցրած վնասը գնահատող ակտեր և կներկայացվեն մարզային հանձնաժողովի քննարկմանը: Մարզային հանձնաժողովը համաձայնեցված ակտերը կներկայացնի հանրապետական հանձնաժողովին, որն էլ կամփոփի և կհրապարակի գյուղացիական տնտեսությունների կրած վնասների մասին վերջնական տեղեկատվությունը:
Մինչ հանձնաժողովների կողմից կիրականացվեն նախանշված աշխատանքները, այսօր Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած ընդունելությանը մարզպետ Աշոտ Ղահրամանյանը երկրի ղեկավարին է ներկայացրել կարկտահարության հետևանքով մարզում ստեղծված իրավիճակը: Խնդրի առնչությամբ խորհրդակցություն է հրավիրվել նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ:
Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ բանջարբոստանային կուլտուրաների ցանքատարածություններին պատճառված վնասը կրկնակի ցանքսի վմիջոցով վերականգնելու նպատակով գույքագրվել են հանրապետությունում եղած սերմնատեսակները, սածիլները, որոնք կտրամադրվեն գյուղացիներին, իսկ սերմնացուի մի մասը հնարավոր է ներկրվի արտերկրից: Գյուղացիներն ամբողջությամբ կապահովվեն նաև պարարտանյութով և դիզվառելիքով:
Կառավարության ղեկավարի հանձնարարությամբ ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, որը կքննարկի հակակարկտային կայանների խնդիրը և կառավարությանը կներկայացնի համապատասխան առաջարկություններ՝ դրանց արդյունավետ գործարկման համար: