Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ` ծանոթացել կարկտահարությունից առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին

06.06.2013

Վարչապետ Տիգրան Սարգսյանն հուլիսի 5-ին մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ այցելել է կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի Արմավիր համայնք՝ ևս մեկ անգամ ծանոթացել գյուղացիական տնտեսությունների խնդիրներին, համայնքների ղեկավարների կողմից կազմված առավել անապահով ընտանիքների ցուցակներին, ներկայացրել կառավարության կողմից առաջիկայում ցուցաբերվելիք օժանադակության ծրագրերը: 

Վարչապետը տեղեկացրել է, որ հունիսի 6-ի կառավարության նիստում որոշում է կայացվելու համայնքների ղեկավարների կողմից ներկայացված առավել կարիքավոր ընտանիքների ցուցակներում տեղ գտած գյուղացիական տնտեսություններին օժանադակել կանխիկ գումարով: «Օգնելու ենք, որպեսզի կարիքավոր ընտանիքները կարողանան լուծել կարագի, հացի, ձեթի հարցը: Ցուցաբերվելու է առարկայական օգնություն: Հանրապետության նախագահի մոտ այսօր տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում հանրապետության նախագահը հանձնարարել է մեզ՝ ձեզ հետ միասին մտածել, թե ինչպես նվազեցվեն գյուղացիական տնտեսությունների ռիսկերը: Տրամադրելու ենք պարարտանյութ, վառելիք, սերմացու, կարիքավոր ընտանիքներին օգնելու ենք կանխիկ գումարով: Օգնելու ենք ձեզ այգիներում ներդնել կաթիլային ոռոգման համակարգ, կիրառել ցանցային տեխնոլոգիաներ: Բացի այդ, Արմավիրի մարզում ներդրվելու են 50 նոր հակակարկտային կայաններ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը տեղեկացրել է նաև, որ կառավարության անդամներն իրենց անձնական եկամուտներից հատկացումներ են արել պատգամավորների նախաձեռնությամբ ստեղծված հիմնադրամին:

Անդրադառնալով գյուղացիների վարկային խնդիրներին՝ կառավարության ղեկավարը հորդորել է դրանց հետ կապված անմիջապես դիմել Կենտրոնական բանկի թեժ գծին և ներկայացնել բանկի կամ վարկային կազմակերպության հետ առկա հարցերը, որից հետո կառաջարկվեն համապատասխան լուծումներ: Վարչապետը վստահեցրել է, որ գյուղացիների վարկային բոլոր պայմանագրերը գտնվելու են մոնիթորինգի տակ՝ բացթողումները կանխելու համար:

Տիգրան Սարգսյանն այցելել է նաև Արմավիրի մշակույթի կենտրոն՝ ծանոթացել այնտեղ առկա պայմաններին: Գյուղացիներից մեկը նշել է, որ չնայած կենտրոնի վերանորոգմանը՝ այն չունի անհրաժեշտ տեխնիկական միջոցներ՝ ներկայացումներ բեմադրելու համար: Վերջինս խնդրել է կառավարության ղեկավարին՝ օժանադակել 1 մլն դրամով՝ բեմադրություններն իրականացնելու համար: Տիգրան Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել փոխանցել անհրաժեշտ միջոցները և նշել, որ մեկ ամիս անց այցելելու է գյուղ՝ խոստացված ներկայացումը դիտելու համար:
Հանդիպման ավարտին գյուղացիները շնորհակալություն են հայտնել վարչապետ Սարգսյանին՝ իրենց խնդիրներին զորավիգ լինելու համար:

Երևան վերադառնալու ճանապարհին վարչապետն այցելել է նաև կարկտահարությունից տուժած դաշտեր՝ ծանոթացել այնտեղ աշխատանքներ իրականացնող գյուղացիների խնդիրներին, ներկայացրել դրանց լուծման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվելիք ծրագրերը:

Աղբյուր` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15