Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկեց 2013 թվականի գարնանային զորակոչը

11.06.2013

Այսօր Սարդարապատի հուշահամալիրում, ձևավորված ավանդույթի համաձայն,  տեղի ունեցավ 2013 թվականի գարնանային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Ղահրամանյանը, Արմավիր քաղաքի հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Մելիքյանը, ՀՀ զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանը, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ և համայնքապետեր:

Պարտադիր զիվորական ծառայության մեկնող նորակոչիկները, մարզի տարածքային զինվորական կոմիսարների ուղեկցությամբ և մարզպետ Աշոտ Ղահրամանյանի առաջնորդությամբ, նախ ծաղիկներ դրեցին Արցախյան հերոսամարտում մարտնչած և իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող խաչքարին և լռությամբ ու խոնարհումով հարգեցին նրանց հիշատակը:

Այնուհետև ողջունելով ներկաներին և բարի երթ ու խաղաղ ծառայություն մաղթելով նորակոչիկներին՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց. <<Սիրելի նորակոչիկներ, բարով գնաք լրացնելու մեր բանակի շարքերը և առավել ամրացած ու հզորացած վերադառնաք ձեր օջախներ: Դուք պատիվ եք ունենալու երկու տարի ծառայելու տարածաշրջանի ամենահզոր և մարտունակ բանակում: Ես համոզված եմ, որ դուք ծառայության ընթացքում բարձր եք պահելու թե մարզի, թե համայնքի պատիվը>>:

Նորակոչիկների ծնողներին ուղղված իր խոսքում մարզպետը մասնավորապես կարևորեց, որ նրանց որդիները ծառայության են մեկնում խաղաղ պայամաններում և ասաց. <<Թող բարով գնան հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարելու և բարով վերադառնան: Թող որ նույն խնդությամբ ու ոգևորությամբ էլ դիմավորեք նրանց երկու տարի անց: Համբերություն ձեզ և ամենայն բարիք>>:

Նորակոչիկներին օրհնության խոսք հղեց և բարի ծառայություն մաղթեց Արմավիր քաղաքի հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Մելիքյանը՝ հիշեցնելով, որ 20-րդ դարի սկզբին այս սուրբ վայրում է համախմբվել մեր ժողովուրդը՝ շինականից մինչև իշխանավոր ու հոգևորական և հանուն հայրենիքի պաշտպանության ու անկախության կենաց-մահու կռիվ տվել: Շարունակելով իր խոսքը՝ հոգևոր հովիվը նշեց. <<Շուրջ 100 տարի անց դուք եք կանգնած այստեղ, սիլելի նորակոչիկներ, եկել եք, որպեսզի դառնաք հայրենիքի զինվոր, սակայն խաղաղ պայմաններում ծառայելու համար: Այն զենքը, որը կվստահեն ձեզ ծառայության ընթացքում թող դառնա ձեր հանդերձանքի մի մասը միայն, թող Աստված պահապան լինի ձեզ>>:

Նորակոչիկներին օրվա առթիվ շնորհավորեց, բարի ծառայություն և իր կողմից ծառայության ընթացքում աջակցության պատրաստակամություն հայտնեց ՀՀ զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանը:

Ապա նորակոչիկներն առաջին անհրաժեշտության պարագաներով փաթեթներ ստացան մարզպետ Աշոտ Ղահրամանյանից և երգ ու երաժշտության ուղեկցությամբ մեկնեցին իրենց պարտքը մատուցելու հայրենիքին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10