Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Արմավիրի մարզ
22.06.2013
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելեց Արմավիրի մարզ: Նախարարն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ նախ ուղևորվեց «Նոյան» բնական հյութերի գործարան, ուր այսօրվանից մթերվում է մայիսի 12-ի կարկտահարության հետևանքով ապրանքային տեսքը կորցրած ծիրանը:
Գյուղատնտեսության նախարարության և վերամշակող ճյուղի գործընկերային համաձայնության արդյունքում բնական աղետից տուժած արմավիրցիների բերքն առանց ավելորդ քաշքշուքի կշռվում և ընդունվում էր: Ֆերմերներները Սերգո Կարապետյանի հետ զրույցում մեծ գոհունակությամբ էին խոսում աղետից հետո ծավալված աննախադեպ պետական աջակցության, ինչպես նաև տուժած բերքի իրացումն առանց խոչընդոտների ապահովելու մասին:
Գյուղատնտեսության նախարարի երկրորդ կանգառն Արմավիրի մարզի Նոր Կեսարիա համայնքն էր: Կարկտահարության հետևանքները մեղմելու նպատակով գյուղատնտեսության նախարարությունն Արմավիրի մարզպետարանին հատկացրել էր շուրջ 87 մլն դրամ արժողությամբ մշակաբույսերի սերմացու, որի արդյունքն արդեն տեսանելի էր: Նախարարը շրջեց ձմերուկի և սմբուկի արդեն ծլարձակած դաշտերում, անկեղծ զրույցի բռնվեց արմավիրցիների հետ,ովքեր պետական աջակցությամբ սերմացու ստանալուն պես կրկնացանք կատարեցին:
Գյուղատնտեսության նախարարի վերջին կանգառն Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքն էր: Այստեղ էլ հողօգտագործողները գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին ցույց տվեցին պետական միջոցներով ստացված անվճար սերմացուի առաջին ծիլերը, հավատացնելով, որ այստեղ ձմերուկի և սմբուկի առատ բերք է սպասվում:
Վերջում սարդարապատցիները խնդրեցին իրենց երախտիքի խոսքը փոխանցել նրանց, ովքեր օգնության ձեռք են մեկնել իրենց, հատկապես շեշտելով անվճար սերմացուի, ազոտական պարարտանյութի, դիզելային վառելանյութի ձեռքբերման պետական ծրագրերը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայանության հետ կապերի բաժին