Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորհրդակցություն` ծիրանի արտահանմամբ և մթերմամբ զբաղվող ընկերությունների պատասխանատուների մասնակցությամբ
24.06.2013
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մոտ այսօր ծիրանի արտահանմաբ և մթերմամբ զբաղվող <<Սպայկա>> և <<Արևիկ Տրանս>> ընկերությունների պատասխանատուների մասնակցոթյամբ հրավիրված խորհրդակցությանը, որին ներկա էին նաև ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Դավիթ Սամսոնյանը, ծիրանի առատ բերք գրանցած Խանջյան, Հացիկ և Մյասնիկյան համայնքների ղեկավարները, քննարկվեցին ծիրանի իրացմանը վերաբերող հարցեր:
Այս տարի թեպետ կարկուտը մեծ վնաս հասցրեց մարզի 46 համայնքի գյուղացիական տնտեսություններին, այնուամենայնիվ, կարկտից չտուժած համայնքներում բերքն անհամեմատ առատ է: Այսօր արդեն խնդիր է առաջացել ծիրանի իրացման հետ կապված. այգետերերին չի բավարարում արտահանող և մթերող ընկերությունների կողմից 1 կիլոգրամի կամ 1 արկղի համար առաջարկվող գինը, որը տատանվում է 1 կգ դեպքում 150-300 դրամի սահմաններում, իսկ 1 արկղի դեպքում՝ 1500-2000 դրամի սահմաններում:
Ըստ վերը նշված ընկերությունների պատասխանատուների՝ Արմավիրի մարզից գնվող ծիրանի նման արժեքը պայմանավորված է ինչպես ծիրանի որակական առանձնահատկություններով ու ապրանքային տեսքով, այնպես էլ արտաքին շուկայում ծիրանի գնի նվազմամբ:
Քաջատեղյակ լինելով այգետետրերի բարձրացրած աղմուկին և ծիրանի իրացման շուկայում առկա իրավիճակին՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը խնդրեց համապատասխան ընկերությունների պաստասխանատուներին վերանայել Արմավիրի մարզից գնվող ծիրանի չափանիշերը, արժեքն ու քանակը: Նա առաջարկեց խորհրդակցությունից անմիջապես հետո այցելել համայնքներ, զրուցել այգետերերի հետ, ներկայացնել ընկերությունների կողմից առաջարկվող հիմնական պայմանները և խնդրին փոխշահավետ լուծում տալ:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդգծեց, որ ծիրանի իրացումը պետք է հնարավորինս այնպես կազմակերպել, որ ոչ այգետերերը վնաս կրեն, ոչ էլ ծիրանի իրացմամբ զբաղվող ընկերությունները:
Հավելենք, որ կարկտից վնասված ծիրանն էլ հունիսի 22-ից սկսել է մթերել «Նոյան» բնական հյութերի գործարանը՝ 1 կգ 50 դրամով: