Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ակնալիճ համայնքում լուծվեց խմելաջրի հարցը
25.06.2013
Շուրջ 700 տնտեսություն և 3315 բնակիչ ունեցող Ակնալիճ համայնքում վերջին մեկ տարում օրակարգային էր համարվում խմելաջրի հարցը, որը մարզային իշխանության միջնորդությամբ և Կառավարության աջակցությամբ լուծում ստացավ՝ թեթևացնելով ակնալիճցիների հոգսերը:
Համայնքում անխափան ջրամատակարարում ապահովելու նպատակով ՀՀ կառավարության 2013 թվականի ապրիլի 11-ի թիվ 383-Ն որոշմամբ ՀՀ Արմավիրի մարզպետարանին հատկացվեց 30 մլն դրամ, որի շրջանակներում էլ Ակնալիճում իրականացվեցին խմելու ջրի խորքային հորի հորատման աշխատանքները:
Շուրջ մեկ ամիս տևած շինարարական աշխատանքների արդյունքում այսօր արդեն ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, <<Նոր Ակունք>> ՓԲԸ-ի միջազգային գլխավոր տնօրենի տեղական տեղակալ Արտավազդ Թորոսյանի, Ակնալիճ համայնքի ղեկավար Գևորգ Միսակյանի, համայնքի բնակչության և մեծ թվով հյուրերի ներկայությամբ հանդիսավորությամբ շահագործման հանձնվեց խմելու ջրի խորքային հորը:
Ինչպես ներկայացրեց 2003 թվականից Ակնալիճ համայնքը սպասարկող <<Նոր Ակունք>> ՓԲԸ-ի միջազգային գլխավոր տնօրենի տեղական տեղակալը՝ համայնքում 2012 թվականի հուլիսից արձանագրվել է աղբյուրների ջրերի քանակի անկում` վտանգելով համայնքի կանոնավոր ջրամատակարարումը: Համայնքի ջրամատակարարման խնդրին ժամանակավոր լուծում տալու նպատակով ընկերությունը սեփական միջոցներով իրականացրել է մի շարք միջոցառումներ, որոնց էլ կարճ ժամանակ անց հաջորդել է պետական աջակցությունը, և համայնքն արդեն ապահովվել է 12-ժամյա ջրամատակարարմամբ:
Արտավազդ Թորոսյանի խոսքով՝ ստուգվել է մատակարարվող ջրի որակը և այն համապատասխանում է բոլոր ստանդարտներին: Միաժամանակ նշվեց, որ խմելաջուրը պատշաճ կերպով վարակազերծվում է և քլորացվում:
Շնորհավորելով ակնալիճցիներին այսուհետ անխափան ջրամատակարարում ունենալու առթիվ և սահմանված ժամկետից շուտ խորքային հորը շահագործման հանձնելու համար շնորհակալություն հայտելով շինաշխատանքներն իրականացնողներին՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդգծեց, որ համայնքներում առկա հիմնախնդիրները գտնվում են իր և պատկան մարմինների ամենօրյա ուշադրության ներքո և արվում է հնարավորը դրանք ըստ առաջնահերթության լուծելու նպատակով: