Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ակնալիճ համայնքում լուծվեց խմելաջրի հարցը

25.06.2013

Շուրջ 700  տնտեսություն և 3315 բնակիչ ունեցող Ակնալիճ համայնքում վերջին մեկ տարում օրակարգային էր համարվում խմելաջրի հարցը, որը մարզային իշխանության միջնորդությամբ և Կառավարության աջակցությամբ լուծում ստացավ՝ թեթևացնելով ակնալիճցիների հոգսերը:

Համայնքում անխափան ջրամատակարարում ապահովելու նպատակով ՀՀ կառավարության 2013 թվականի ապրիլի 11-ի թիվ 383-Ն որոշմամբ ՀՀ Արմավիրի մարզպետարանին հատկացվեց 30 մլն դրամ, որի շրջանակներում էլ Ակնալիճում իրականացվեցին խմելու ջրի խորքային հորի հորատման աշխատանքները:

Շուրջ մեկ ամիս տևած շինարարական աշխատանքների արդյունքում այսօր արդեն ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, <<Նոր Ակունք>> ՓԲԸ-ի միջազգային գլխավոր տնօրենի տեղական տեղակալ Արտավազդ Թորոսյանի, Ակնալիճ համայնքի ղեկավար Գևորգ Միսակյանի, համայնքի բնակչության և մեծ թվով հյուրերի ներկայությամբ հանդիսավորությամբ շահագործման հանձնվեց խմելու ջրի խորքային հորը:

Ինչպես ներկայացրեց 2003 թվականից Ակնալիճ համայնքը սպասարկող <<Նոր Ակունք>> ՓԲԸ-ի միջազգային գլխավոր տնօրենի տեղական տեղակալը՝ համայնքում 2012 թվականի հուլիսից արձանագրվել է աղբյուրների ջրերի քանակի անկում` վտանգելով համայնքի կանոնավոր ջրամատակարարումը: Համայնքի ջրամատակարարման խնդրին ժամանակավոր լուծում տալու նպատակով ընկերությունը սեփական միջոցներով իրականացրել է մի շարք միջոցառումներ, որոնց էլ կարճ ժամանակ անց հաջորդել է պետական աջակցությունը, և համայնքն արդեն ապահովվել է 12-ժամյա ջրամատակարարմամբ:

Արտավազդ Թորոսյանի խոսքով՝ ստուգվել է մատակարարվող ջրի որակը և այն համապատասխանում է բոլոր ստանդարտներին: Միաժամանակ նշվեց, որ խմելաջուրը պատշաճ կերպով վարակազերծվում է և քլորացվում:

Շնորհավորելով ակնալիճցիներին այսուհետ անխափան ջրամատակարարում ունենալու առթիվ և սահմանված ժամկետից շուտ խորքային հորը շահագործման հանձնելու համար շնորհակալություն հայտելով շինաշխատանքներն իրականացնողներին՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդգծեց, որ համայնքներում առկա հիմնախնդիրները գտնվում են իր և պատկան մարմինների ամենօրյա ուշադրության ներքո և արվում է հնարավորը դրանք ըստ առաջնահերթության լուծելու նպատակով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08