Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայակական Կարմիր խաչի ընկերությունն օգնում է կարկտից տուժածներին
04.07.2013
Հուլիսի 1-ից Հայկական Կարմիր խաչի ընկերությունը /ՀԿԽԸ/ սկսել է մարդասիրական օգնության բաշխումը Արմավիրի մարզի կարկտից առավել տուժած 14 համայնքներում: 4000 մարդու կտրամադրվեն սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ: Յուրաքանչյուր փաթեթի պարունակությունը հաշվարկված է բավարարելու տուժած ընտանիքների 2-3 ամսվա սննդի և հիգիենիկ պարագաների կարիքները:
ՀԿԽԸ-ն, մայիսի 12-ին տեղացած կարկուտից անմիջապես հետո, արձագանքելով մարզպետ Աշոտ Ղահրամանյանի` կարկտից տուժած ընտանիքներին օգնություն ցուցաբերոլու խնդրանքին և հետևելով իր մարդասիրական առաքելությանը, ակտիվ գործունեություն սկսեց աղետից տուժած համայնքներին օգնություն տրամադրելու համար. Արմավիրի մարզպետարանի, համապատասխան համայնքապետարանների և Կարմիր խաչի Արմավիրի մարզային մասնաճյուղի հետ միասին ստեղծված Աղետներին արձագանքման թիմն իրականացրեց արագ գնահատում, որի արդյունքում հստակեցվեցին վնասների մոտավոր չափերը, անհրաժեշտ օգնության տեսակը և առավել խոցելի խմբերը:
Հաջորդիվ ՀԿԽԸ-ն որոշում կայացրեց դիմել Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Արտակարգ իրավիճակներին արձագանքման հիմնադրամին` կարկտից առավել տուժած 14 գյուղական համայնքներին, որտեղ վնասը կազմում է 100 տոկոս և բնակվում է տուժած 7131 ընտանիք, մարդասիրական օգնություն տրամադրելու համար: Հայկական Կարմիր խաչի ընկերության դիմումն ստացավ դրական արձագանք և հատկացվեց մոտ 100 մլն դրամ՝ մարդասիրական օգնության նպատակով:
Այսօր մարդասիրական օգնության բաշխումն իրականացվեց Արևիկ, Մրգաշատ և Ալաշկերտ համայնքներում: Բաշխմանը ներկա էին նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը:
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շնորհակալություն հայտնեց ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանին՝ կարկտահարությունից 100 տոկոս վնաս կրած համայնքներին նման օգնություն ցուցաբերելու համար և հավաստիացրեց, որ բոլոր շահառուները գոհունակությամբ են արձագանքել սպասվող օժանդակությանը: Միաժամանակ ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին ցուցաբերված աջակցությունը՝ մարզպետն ընդգծեց, որ պետությունն իր հնարավորության սահմաններում արել է ամեն ինչ գյուղացու հոգսը թեթևացնելու համար: