Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հարգանքի տուրք մատուցվեց Օշականի ճակատամարտում զոհվածների հիշատակին
17.08.2013
ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի արվարձանում վեր է խոյանում <<Օշականի հերոսներին>> անունը կրող հուշարձանը, որը կանգնեցվել է ի պատիվ 1827 թվականին Օշականի ճակատամարտում ընկած 1131 ռուս զինվորների հիշատակի: Հիշյալ ճակատամարտում ռուս գեներալ Կրասովսկու և հայ աշխարհազորայինների հաղթանակը պատմության հերոսական էջերից մեկն է թե´ հայ, թե´ ռուս ժողովուրդների համար, որի 186-ամյակը լրացավ այս տարի:
Այդ կապակցությամբ այսօր՝ օգոստոսի 17-ին, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը և մեծ թվով այլ պաշտոնյաներ հարգանքի տուրք մատուցեցին ռուս նահատակների հիշատակին: Նրանք ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին հուշակոթողին ՝ գլուխ խոնարհելով և մեկ րոպե լռությամբ հարգելով հերոսների հիշատակը: Հայ առաքելական և ռուս ուղղափառ եկեղեցիների հոգևոր հայրերը հոգեհանգստի պատարագ մատուցեցին՝ աղոթք հնչեցնելով առ Բարձրյալ: