Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզում ավելանում է բարեկարգ կրթօջախների թիվը
22.08.2013
Ավարտական փուլում են 2013 թվականի ՀՀ կառավարության 4-րդ հրատապ ծրագրով Արմավիրի մարզի մի շարք համայնքներում իրականացվող դպրոցների վերանորոգման աշխատանքները: Այսօր մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Կարինե Դանիելյանի և շինարարական կազմակերպությունների պատասխանատուների ուղեցությամբ այցելեց Նոր Արտագերսի միջնակարգ դպրոց: Այստեղ, չնայած կատարված աշխատանքներին, օրախդիր հարց է մնում դպրոցի մարզադահլիճի տանիքի վերանորոգումը: Մարզպետը խոստացավ, որ այդ խնդրին ևս լուծում կտրվի:
Այնուհետև նա եղավ Հայկավան համայնքում: Շրջելով դպրոցում և ծանոթանալով կատարված աշխատանքներին և առկա պայմաններին` մարզպետը նշեց, որ այն գտնվումէ բավականին բարվոք վիճակում և խոստացավ դպրոցին նվիրել գրատախտակներ:
Հաջորդ համայնքը Վարդանաշենն էր, որտեղ ծրագրի իրականացման շրջանակներում կառուցվել է կաթսայատուն և դպրոցն ապահովվել է լոկալ ջեռուցման համակարգով: Այստեղ էլ նշվեց, որ օրախնդիր է մնում սանհանգույց ունենալը, ինչը, դպրոցի տնօրենի հավաստմամբ, առաջիկայում կլուծվի:
Այլ էր իրավիճակը Երասխահուն և Բաղրամյան (Վաղարշապատի տարածաշրջան) համայնքների դպրոցներում: Չնայած այն հանգամանքին, որ դպրոցներն ապահովվել են լոկալ ջեռուցման համակարգով և պատուհանները մասնակիորեն փոխարինվել են նորերով ու կատարվել են որոշակի բարեկարգման աշխատանքներ, այնուամենայնիվ դեռ բավականին անելիքներ կան, որոնց առնչությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը տեղում որոշ հարցեր քննարկեց և խոստացավ առաջին իսկ հնարավորության դեպքում լուծում տալ նշված դպրոցների հիմնանորոգման հարցին: