Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գիտելիքի և դպրության օրը Վաղարշապատում
01.09.2013
Գիտելիքի, գրի և դպրության օրը նշանավոր էր ՀՀ Արմավիրի մարզի բոլոր դպրոցների համար: Առանձնահատուկ ոգևորություն էր տիրում մարզի Վաղարշապատի Հ. Հովհաննիսյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում: Դպրոցն իր ուսուցչական անձնակազմին և աշակերտներին դիմավորեց հիմնովին վերանորոգված վիճակում: Կրթօջախի վերաբացման արարողությանը ներկա էր ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով շնորհավորելով բոլորին այս հրաշալի օրվա առիթով՝ նշեց. <<Սիրելի երեխաներ, հարգարժան ուսուցիչներ, ծնողներ, սկսվում է հույսերով լի ու գիտելիքներով հարստանալու նոր ուսումնական տարին, որը պարտավորեցնող է բոլորիս համար, որովհետև կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումների հաջողությունը կախված է յուրաքանչյուրիս հետևողական աշխատանքից ու նվիրումից: Շնորհավորում եմ, քանզի դու´ք, սիրելի աշակերտներ, գիտելիք պիտի ստանաք, կրթվեք ու դաստիարակվեք այսպիսի բարեկարգ և հրաշալի դպրոցում: Բոլորիս մաղթում եմ հաջողություններ>>:
Դպրոցին իր շնորհավորական ուղերձն էր հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, որում ասվում էր. <<Մեր հայցն ու աղոթքն է առ Բարձրյալ Տերը, ով աստվածային երկնառաք Իր օրհնությամբ արգասավորվի նոր ուսումնական տարին, և մեր զավակները ջանադրությամբ ամեն ժամ բազմապատկեն իրենց գիտելիքները, որպեսզի իմացությամբ զորացած կարողանան լավագույնս ծառայել մեր Հայրենիքին և Սուրբ եկեղեցուն>>:
Կրթօջախի տնօրեն Հունան Մարտիրոսյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց բոլորին, հատկապես մարզպետ Աշոտ Ղահրամանյանին ցուցաբերած հետևողական ու բարեխիղճ վերաբերմունքի համար, որից հետո դպրոցի գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտները պարգևատրվեցին գովասանագրերով: