Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԵԿԳ Արմավիրի մասնաճյուղում մեկնարկեց խաղողի մթերումը
10.09.2013
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և Երևանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) գործադիր տնօրեն Արա Գրիգորյանն այսօր ԵԿԳ Արմավիրի մասնաճյուղում մասնակցեցին խաղողի մթերման մեկնարկին:
Այս տարի ԵԿԳ Արմավիրի մասնաճյուղում նախատեսում են մթերել 17 հազար տոննա խաղող, նախորդ տարվա 12 հազար տոննայի փոխարեն: 2013 թվականին Երևանի կոնյակի գործարանը 906-ով ավելացրել է իր հետ պայմանագրային հիմունքներով համագործակցող խաղողագործների թիվը, որից 710-ը Արմավիրի մարզում:
Ինչպես հայտնեց ԵԿԳ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը՝ մթերվող խաղողի 1 կիլոգրամի գինը սահմանվել է 145 ՀՀ դրամ Արմավիրի և Այգավանի մասնաճյուղերի համար և 135 դրամ՝ Տավուշի տարածաշրջանի համար, անցյալ տարվա 140 և 130 ՀՀ դրամի փոխարեն: Նշվեց նաև, որ յուրաքանչյուր գյուղացի իր կողմից մատակարարված բերքի գումարը կստանա խաղողը հանձնելուց հետո երեքից-չորս բանկային օրվա ընթացքում:
Արա Գրիգորյանը տեղեկացրեց, որ ընկերության հետ համագործակցող և ապառիկ եղանակով բուժանյութեր ստացած այն խաղողգարծների պարտքերը, որոնց բերքը մայիսի 12-ին տեղացած կարկտից ամբողջությամբ վնասվել է, 100 տոկոսով կզրոյացվեն: Նախնական հաշվարկով Արմավիրի մարզում ԵԿԳ-ն կզիջի ավելի քան 340 խաղողագործի պարտք, ինչը կազմում է մոտ 54 միլիոն ՀՀ դրամ:
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շնորհակալություն հայտնեց ԵԿԳ գործադիր տնօրենին մարզին ցուցաբերած օգնության համար և ընդգծեց, որ մարզի խաղողագործները՝ ի դեմս ԵԿԳ-ի, ունեն հավատարիմ ու վստահելի գործընկեր, որը միշտ կանգնած է իրենց կողքին և պատրաստ է աջակցելու: Մարզպետը հույս հայտնեց, որ ինչպես տեխնիկական, այնպես էլ սեղանի սորտի խաղողի արտադրությամբ զբաղվող գյուղացիները ստացված բերքի մթերման և իրացման հետ կապված այս տարի խնդիրներ չեն ունենա: