Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայաստանի Հանրապետության անկախության տոնին ընդառաջ

19.09.2013

Այսօր Արմավիր քաղաքի թիվ 1 մշակույթի տանը, Հայաստանի Հանրապետության անկախության տոնին ընդառաջ, տեղի ունեցավ տոնական միջոցառում, որին մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Հանրապետական գործադիր մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները, մեծ թվով  համայնքապետեր, կրթական, առողջապահական հաստատությունների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ:

Օրվա առթիվ ներկաներին ողջունեց և շնորհավորանքի խոսք հղեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, որում ասված էր. << Հայաստանի Հանրապետության անկախությանը նվիրված հանդիսության հարգելի մասնակիցներ, տիկնայք և պարոնայք,
Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ:

Հայաստանի Հանրապետությունը 22 տարեկան է:

Այս տարիներից յուրաքանչյուրը մեզ համար յուրովի բարդ է եղել, լի փորձություններով, ճգնաժամերով, վերելքներով ու վայրէջքներով:

Մենք, որ վաղուց ի վեր կորցրել էինք ինքնուրույն որոշումներ կայացնելու, մեր երկրի ներկայի և առավել ևս ապագայի տերը լինելու հատկությունն ու հնարավորությունը, ստիպված եղանք դիմանալ, դիմակայել, հաղթահարել ու բռունցքվել ու, ճիշտ է, շատ դանդաղ ու դժվար, բայց առաջ շարժվել:

Մեզ համար երբեք էլ հեշտ չի եղել:
Այսքան նվազ ռեսուրսներով և պատերազմական շրջափակման մեջ ոչ միայն գոյատևել, այլ նաև զարգանալ ու կայանալ:

Հիմա էլ հեշտ չի:
Այո, մեզ համար յուրաքանչյուր ապրած տարին իր մարտահրավերներն է ունեցել, ու մենք հաղթահարել ենք այդ մարտահրավերները, լինեին դրանք սադրված թշնամու կողմից, պատճառված բնական աղետների հետևանքով, թե պարզապես պայմանավորված մեր անցնելիք ճանապարհի անորոշությամբ ու մեր անփորձությամբ: Պատերազմն ու նրա ավերիչ հետևանքների վերացումը, նոր տնտեսակարգի հիմքերի ստեղծումը, երկրի անվտանգության ապահովումը, ժողովրդավարության խորացումը, ահա այն խնդիրները, որ մշտապես ուղեկցել են մեզ` մեր երկրի 22-ամյա գոյության ընթացքում:

Ու այդ ամենում ձեր բոլորի ամենօրյա ու քրտնաջան ու նաև հետևողական աշխատանքը, առանց որի, մենք չէինք հասնի այն հանգրվանին, որտեղ հիմա ենք:

Այսօրվա մեզ նետված մարտահրավերները ոչ միայն վերաբերվում են մեր երկրի ներքին կյանքը ճիշտ կազմակերպելուն, այլ նաև արագ փոփոխվող այս հակամարտ աշխարհում մեր տեղն ու դերը ճիշտ գիտակցելուն, արտաքին հավասարակշռված ու ճկուն քաղաքականություն վարելուն, միջազգային զարգացումների ընթացքին ճիշտ ինտեգրվելուն ու այս ամենի մեջ մեր երբեմնի ձեռք բերած ամենամեծ նվաճումը՝ ազատ, անկախ Հայաստանի անկախությունը չկորցնելուն:

Հիմա, առավել քան երբևէ, մեր երկրի խաղաղությունը կրկին շատ է փխրուն և մենք խաղաղությունը պահպանելու համար միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմելու, որովհետև մեր երկրի համար այսօր էլ թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորումը:

Ահա, նախ և առաջ սրա համար է մեզ պետք ապագայում մեր անցնելիք ճանապարհին գործընկերների ճիշտ ընտրություն և նաև որդեգրած ժողովրդավարական սկզբունքներին հավատարիմ մնալու դժվարության հաղթահարում:

Ուրեմն, լինենք ավելի խոհեմ, շարունակենք աշխատել, արարել, հզորացնել մեր փոքրիկ հայրենիքը, որովհետև գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ մեծ հաշվով հաշվի են նստում միայն նրանց հետ, ովքեր ավելի կայացած են տնտեսության մեջ և իրատես ու հեռատես են քաղաքականության մեջ:

Կրկին անգամ շնորհավորելով բոլորիս անկախ Հայաստանի հռչակման 22-ամյակի առիթով, ուզում եմ այսօր առանձնացնել մի խումբ անհատների, որոնք այս տարիներին իրենց ստեղծագործ աշխատանքը նվիրել են հենց անկախ Հայաստանի կայացմանը և հանձինս նրանց շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր չնայած բազում դժվարություններին, շարունակում են մնալ ու աշխատել մեր հայրենիքում` այն գաղափարի գիտակցմամբ, որ անկախ 22-ամյա Հայաստանն է բոլոր հայերի միակ հայրենիքն ու հանգրվանը, համայն հայության իղձերի մարմնավորման ու երազանքների իրականացման գրավականը:

Թող միշտ կեցցե´ Հայաստանի Հանրապետությունն ու կեցցե´ն նրա քաղաքացիները, և հավերժ հիշատակ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին անկախության համար պայքարում>>:

Հաջորդիվ մարզպետը դրամական պարգևներ և պատվոգրեր հանձնեց պետականաշինության գործում իրնց ավանդը ներդրած մի խումբ ազատամարտիկների, համայնքային ծառայողների, բուժաշխատողների, մանկավարժների և մշակութային գործիչների:

Միջոցառումն ամփոփվեց տոնական համերգով: Ելույթներով հանդես եկան Հանրապետության վաստակավոր արտիստներ Արուս Գուլանյանը և Մուրադ Մալխասյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10