Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը

27.09.2013

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարեց ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալներ Լարիսա Մուրադյանը, Դավիթ Սամսոնյանը, Մովսես Քարտաշյանը, ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարները:

Մարզի խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերվում էին 2013 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքներին և աշխատավարձերի վճարմանը, ինչպես նաև ՀՀ Արմավիրի մարզում գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման նպատակով ՀՀ կառավարության կողմից հողօգտագործողներին ցուցաբերված աջակցության ծրագրերի իրականացման ընթացքին: 

Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզորհրդի մասնակիցներին ներկայացրեց ՀՀ Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքի նորընտիր ղեկավարին՝ նրան մաղթելով բեղմնավոր աշխատանքային գործունեություն:

Օրակարգային առաջին հարցի կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը  տեղեկացրեց, որ հաշվետու ժամանակահատվածում մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների փաստացի մուտքերը նախատեսված 1մլրդ 208 մլն 265 հազար դրամի դիմաց կազմել են 1մլրդ 47մլն 398 հազար դրամ, կատարողականը՝ 86.7 տոկոս: Հավաքագրման մակարդակը 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 14.3 տոկոսով: Նա միաժամանակ տեղեկացրեց, որ նշված ժամանակահատվածում համայնքներում գոյացել է 8 մլն դրամի ընթացիկ աշխատավարձի պարտք:

Այնուհետև Վարազդատ Մկրտչյանը ներկայացրեց 50 տոկոսից ցածր հավաքագրում ապահոված և աշխատավարձերի ընթացիկ պարտքեր կուտակած համայնքները:
Սեփական եկամուտների հավաքագրման գործում թերացած և ընթացիկ աշխատավարձերի պարտքեր կուտակած համայնքների ղեկավարներին մարզպետ Աշոտ Ղահրամանյանն առաջարկեց ամենօրյա աշխատանքներ իրականացնել՝ ապահովելու համայնքի բյուջեով պլանավորված սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները և սեղմ ժամկետներում մարելու աշխատավարձերի ընթացիկ պարտքերը:

Օրակարգային երկրորդ հարցի առնչությամբ ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը  հայտնեց, որ ՀՀ կառավարության կողմից ընդունված 22.08.2013 թվականի թիվ 906-Ն և 29.08.2013 թվականի թիվ 935-Ն որոշումների համաձայն աշնանային գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման նպատակով մարզի հողօգտագործողներին որպես աջակցություն հատկացվել է 500 տոննա ազոտական պարարտանյութ և 400 հազար լիտր դիզելային վառելանյութ:

Նա հավելեց, որ մարզպետարանը ակտիվորեն մասնակցում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրերին, որոնց արդյունքում համայնքներին հատկացվել է 114 տոննա էլիտար վերարտադրության և 118 տոննա աշնանային ցորենի առաջին վերարտադրության սերմացու, որը հնարավորություն կտա իրականացնելու շուրջ 800 հա լրացուցիչ աշնանացան:

Արթուր Այվազյանը տեղեկություն ներկայացրեց նաև խաղողի մթերման գործընթացի վերաբերյալ՝ նշելով, որ մթերումն իրականացվում է առանց խոչընդոտների, և սեպտեմբերի 26-ի դրությամբ մթերվել է 31 հազար տոննա խաղող՝ 1 կիլոգրամը 145 դրամով:

Օրակարգային հարցի շրջանակներում մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հայտնեց, որ ՄԱՊ ընկերությունը պատրաստակամություն է հայտնել 2014 թվականի համար մթերման  պայմանագրեր կնքելու և ընթացիկ աջակցություն ցուցաբերելու այն գյուղացիական տնտեսություններին, որոնք ցանկություն կհայտնեն զբաղվելու լոլիկի, սմբուկի, պղպեղի, գազարի և սխտորի մշակությամբ: 

Մարզխորհրդի նիստի ընթացքում հայտարարություններով հանդես եկան ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, ապա նաև հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետ Հենրիկ Ալեքսանյանը:

Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն իր հայտարարությամբ անդրադարձավ համայնքապետարաններում Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի /ՀԿՏՀ/ ներդրմանը և "Mulberry'' էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի գործարկմանը՝ կարևորելով էլեկտրոնային համակարգերի ներդրումն ու օգտագործումը համայնքներում աշխատանքի արդյունավետության բարձրացման տեսանկյունից:

Նրա խոսքով՝ մարզի համայնքներից 25-ում արդեն ՀԿՏՀ հենքով իրականացվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն, 22 համայնքում աշխատանքներ են տարվում համակարգի շահագործման, իսկ ևս 13-ում՝ ներդրման ուղղությամբ:

Ելնելով հարցի կարևորությունից՝ Փառանձեմ Կարապետյանը կոչ արեց համայնքապետերին համակարգի շահագործման և ներդրման հարցերին վերաբերվել ամենայն լրջությամբ, իսկ ընթացիկ խնդիրներ առաջանալու դեպքում դիմել մարզպետարան:

Մարզխորհրդի նիստն ամփոփվեց  համայնքներում հողային հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հենրիկ Ալեքսանյանի հայտարարությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:27:36