Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մրգաշատ համայնքում նշվեց ավանդական դարձած Մաճառի տոնը
11.10.2013
ՀՀ Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքում ձևավորված ավանդույթի համաձայն՝ հոկտեմբերի 11-ին նշվեց Մաճառի տոնը: Տոնակատարությունն իրենց ներկայությամբ պատվեցին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ԱԺ պատգամավորներ, մարզը ներկայացնող համայնքապետեր, մարզային իշխանության տարբեր ոլորտների պատասխանատուներ: Համայնքի բնակչությունը նրանց դիմավորեց առատ սեղաններով, երգ ու երաժշտությամբ: Հյուրերը համտեսեցին բարիքները, իսկ ավանդական մաճառը առիթ եղավ անկեղծ բարեմաղթանքների:
Շնորհավորելով մրգաշացիներին՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց. <<Չնայած այս տարի կարկուտը զգալի վնաս հասցրեց մեր գյուղատնետսությանը, այնուամենայնիվ փառք ու պատիվ աշխատասեր հայ գյուղացուն, քանզի այս պայմաններում արդար քրտինքով շարունակում է պայքարել ու արարել>>:
Միջոցառման ամբողջ ընթացքը զարդարում էին Գուսան Հայկազունն իր խմբով ու Մրգաշատ համայնքի <<Մրգաշատ>> պարային անսամբլը` իր գեղեցիկ պարային կատարումներով:
Այնուհետև մարզպետի ուղեկցությամբ գյուղատնտսության նախարարն այցելեց Արևիկ համայնքում տասնյակ տարիներ խաղողի մշակությամբ զբաղվող և մարզում հայտնի խաղողագործ Չկալով Մուրադյանի այգեգործական տնտեսություն: Նրանք շրջեցին այգում, որտեղ տիրող թեժ աշխատանքային առօրյան էլ ավելի ոգևորեց հյուրերին: Գյուղնախարարը գովեստի ու գնահատանքի խոսքեր հղեց Չկալով Մուրադյանին և աշխատակիցներին, նրանց ցանկացավ երկարակեցություն և արդյունավետ աշխատանք: