Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր ՀՀ ԱՍՀ նախարարը
14.10.2013
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերով / ԱՍՀ /նախարար Արտեմ Ասատրյանն այսօր աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր՝ ծանոթանալու զբաղվածության խթանման միջոցով մայիսի 12-ի կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսությունների վերականգնման ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքներին և դրանց հետագա ընթացքին:
Նշենք, որ ՀՀ կառավարության սույն թվականի հունիսի 13-ի 688 – Ն որոշմամբ կարկտահարությունից առավել տուժած մարզի 23 համայնքի գյուղատնտեսական նշանակության հողի uեփականատեր հանդիսացող 500 հողօգտագործող ընդգրկվել է համապատասխան ծրագրում, որի իրականացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 174 մլն 125 հազար դրամ: Զբաղվածության Արմավիրի մարզային կենտրոնների կողմից պայմանագիր է կնքվել թվով 475 հողօգտագործողի հետ:
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեցությամբ ԱՍՀ նախարարն այցելեց կարկտահարությունից 100 տոկոս վնաս կրած Ակնալիճ համայնք, որտեղ 62 հողօգտագործող ընդգրկվել է նշված ծրագրում և կրած վնասը վերականգնելու հնարավորություն ունեցել: Նախարարի հետ հանդիպմանը հողօգտագործողները գոհունակությամբ փաստեցին, որ պետական աջակցության ծրագրի շնորհիվ նրանց իսկապես հաջողվել է վերականգնողական աշխատանքներ իրականացնել՝ հաջորդ տարիներին բարձր բերքատվություն ապահովելու համար:
Կարևորելով զբազվածության ոլորտում ակտիվ քաղաքականություն վարելը և աշխատունակ մարդուն աջակցելը, աշխատանքով ապահովելը՝ ԱՍՀ նախարարն ընդգծեց, որ ցանկություն կա ոչ միայն աղետների դեպքում, այլ ընդհանրապես նմնատիպ ծրագրեր կիրառել ամբողջ հանրապետությունում: <<Միայն այս ծրագրի ներքո 1100 մարդ երեք ամիս ապահովվել է ժամանակավոր աշխատանքով>>,-ասաց նախարարը՝ միաժամանակ նշելով, որ ծրագրի իրականացման ընթացքում հողօգտագործողներին տրամադրված ֆինանսական միջոցների չափը կազմել է շուրջ 103 մլն դրամ:
Արտեմ Ասատրյանի տեղեկացմամբ՝ քանի որ ծրագրով նախատեսված 500 հողօգտագործողների փոխարեն աջակցություն է ստացել 475-ը, ԱՍՀ նախարարությունը դիմել է կառավարություն և չօգտագործված միջոցների հաշվին նոր ծրագրեր իրականացնելու թույլտվություն ստացել:
Բարձր գնահատելով ծրագրի իրականացման գաղափարը՝ Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր և հողօգտագործողների կողմից շնորհակալություն հայտնեց Հանրապետության Նախագահին, կառավարությանը և ԱՍՀ նախարարությանն այն կյանքի կոչելու համար: <<Այս տարի կարկտահարությունից տուժած մեր գյուղացիական տնտեսությունները, թեպետ չկարողացան ստանալ ակնկալվող բերքը, սակայն վստահ եմ, որ այս ծրագրի շնորհիվ իրականացնելով վնասների վերականգնման աշխատանքներ, կապահովեն բավականին լավ բերքատվություն հաջորդ տարվա համար>>,- իր խոսքում նշեց մարզպետը: