Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր ՀՀ ԱՍՀ նախարարը

14.10.2013

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերով / ԱՍՀ /նախարար Արտեմ Ասատրյանն այսօր աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր՝ ծանոթանալու զբաղվածության խթանման միջոցով մայիսի 12-ի կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսությունների վերականգնման ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքներին և դրանց հետագա ընթացքին:

Նշենք, որ ՀՀ կառավարության սույն թվականի հունիսի 13-ի 688 – Ն որոշմամբ կարկտահարությունից առավել տուժած մարզի 23 համայնքի գյուղատնտեսական նշանակության հողի uեփականատեր հանդիսացող 500 հողօգտագործող ընդգրկվել է համապատասխան ծրագրում, որի  իրականացման նպատակով  կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 174 մլն 125 հազար դրամ: Զբաղվածության Արմավիրի մարզային կենտրոնների կողմից պայմանագիր է կնքվել թվով 475 հողօգտագործողի հետ:

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեցությամբ ԱՍՀ նախարարն այցելեց կարկտահարությունից 100 տոկոս վնաս կրած Ակնալիճ համայնք, որտեղ 62 հողօգտագործող ընդգրկվել է նշված ծրագրում և կրած վնասը վերականգնելու հնարավորություն ունեցել: Նախարարի հետ հանդիպմանը հողօգտագործողները գոհունակությամբ փաստեցին, որ պետական աջակցության ծրագրի շնորհիվ նրանց իսկապես հաջողվել է վերականգնողական աշխատանքներ իրականացնել՝ հաջորդ տարիներին բարձր բերքատվություն ապահովելու համար:

Կարևորելով զբազվածության ոլորտում ակտիվ քաղաքականություն վարելը  և աշխատունակ մարդուն աջակցելը, աշխատանքով ապահովելը՝ ԱՍՀ նախարարն ընդգծեց, որ ցանկություն կա ոչ միայն աղետների դեպքում, այլ ընդհանրապես  նմնատիպ ծրագրեր կիրառել ամբողջ հանրապետությունում: <<Միայն այս ծրագրի ներքո 1100 մարդ երեք ամիս ապահովվել է ժամանակավոր աշխատանքով>>,-ասաց նախարարը՝ միաժամանակ նշելով, որ ծրագրի իրականացման ընթացքում հողօգտագործողներին տրամադրված ֆինանսական միջոցների չափը կազմել է շուրջ 103 մլն դրամ:

Արտեմ Ասատրյանի տեղեկացմամբ՝ քանի որ ծրագրով նախատեսված 500 հողօգտագործողների փոխարեն աջակցություն է ստացել 475-ը, ԱՍՀ նախարարությունը դիմել է կառավարություն և չօգտագործված միջոցների հաշվին նոր ծրագրեր իրականացնելու թույլտվություն ստացել:

Բարձր գնահատելով ծրագրի իրականացման գաղափարը՝ Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր և հողօգտագործողների կողմից շնորհակալություն հայտնեց Հանրապետության Նախագահին, կառավարությանը և ԱՍՀ նախարարությանն այն կյանքի կոչելու համար: <<Այս տարի կարկտահարությունից տուժած մեր գյուղացիական տնտեսությունները, թեպետ չկարողացան ստանալ ակնկալվող բերքը, սակայն վստահ եմ, որ այս ծրագրի շնորհիվ իրականացնելով վնասների վերականգնման աշխատանքներ, կապահովեն բավականին լավ բերքատվություն հաջորդ տարվա համար>>,- իր խոսքում նշեց մարզպետը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-03-24 19:01:47