Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ “Գրական Արմավիր 2011-2013” ժողովածուի գինեձոն-շնորհանդեսը
18.10.2013
Այսօր Ամավիր քաղաքի թիվ 1 մշակույթի տանը, մարզի ընթերցասեր հասարակության ներկայությամբ, տեղի ունեցավ “Գրական Արմավիր” ստեղծագործական հասարակական կազմակերպության նախագահ, “Գրական Արմավիր 2011-2013” ժողովածուի խմբագիր Արսեն Զաքարյանի նախաձեռնությամբ և ՀՀ Արմավիրի մարզպետ, նույն կազմակերպության պատվավոր նախագահ Աշոտ Ղահրամանյանի մեկենասությամբ հրատարակված “Գրական Արմավիր 2011-2013” ժողովածուի գինեձոն-շնորհանդեսը:
Արարողակարգը սկսվեց Արմավիր քաղաքի հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Մելիքյանի օրհնությամբ և Տերունական աղոթքով: Հոգևոր հովիվը խոսեց նաև հայ իրականության մեջ գրքի կարևոր նշանակության մասին՝ մասնավորապես ընդգծելով, որ դարերի խորիքից եկող հայ գիրքը միշտ էլ եղել է հայի պարծանքը և մտավոր ուժի արգասիքը:
“Գրական Արմավիր 2011-2013” ժողովածուի լույսընծայման առթիվ շնորհավորելով ներկաներին՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ասաց. <<Ես կարծում եմ, որ այստեղ ներկա յուրաքանչյուրի հոգում այս պահին, իրոք, ուրախություն է, հուզմունք, հպարտություն: Մեր ժողովուրդը, ոչ միայն աշխատասեր է, քարից հաց քամող, այլ նաև ստեղծագործող, որի վառ ապացույցն է այս ժողովածուի լույսընծայումը: Դուք ինքներդ, ներկա եք այն մշակութային պոռթկումին, մշակութային առաջընթացին, որն ունեցել է մարզը վերջին վեց տարիներին: Դուք շատ ավելիին եք արժանի, և մեր իշխանությունը, կառավարությունը, անելու է ամեն ինչ` որպեսզի դուք ձեր մտքերը հանձնեք թղթին, որպեսզի մեր երեխաները` մեր ապագան կերտողները, կարդան ու հպարտանան>>:
Այնուհետև մարզպետը պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնեց լավագույն ստեղծագործողներին` նրանց մաղթելով նորանոր հաջողություններ ստեղծագործական կյանքում: Իսկ “Գրական Արմավիր” ստեղծագործական հասարակական կազմակերպության նախագահ, Հայաստանի Գրողների Միության /ՀԳՄ/ անդամ Արսեն Զաքարյանը պարգևատրվեց ՀՀ մշակութի նախարարության ոսկե մեդալով:
Մարզպետի կողմից պատվոգրի արժանացած ստեղծագործողներից Սուրեն Կարապետյանն իր և գրչակից ընկերների կողմից շնորհակալությություն հայտնեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանին և “Գրական Արմավիր” ստեղծագործական հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Զաքարյանին ստեղծագործողներին աջակցելու համար և ողջունեց ներկաներին՝ ասելով. <<Հարգարժան մարդի´կ, իմ բարեկամնե´ր, երբ բնության մեջ կա բնաջնջում, գոյություն ունեն դաժան աղետներ, միասնությունն է չարիքից փրկում, որ խաղաղ ապրեք ու սեր վայելեք զարմանահրաշ բնության գրկում: Մեկս մեկին որ բարին կամենանք, ամեն չարիքից հեռու կմնանք>>:
Միջոցառմանն իր շնորհավորանքի խոսքը հղեց նաև ՀԳՄ Արմավիրի բաժանմունքի նախագահ, գրող-հրապարակախոս Ռաֆայել Սահակյանը. <<Այսօր հավանաբար ամենապայծառ միոցառումներից մեկն է, այս աշնան ու տարեվերջին, որը մարզպետարանի և անձամբ մարզպետի նախաձեռնության լուսավոր արգասիքն է: Անցնում են տարիներ, կառուցվում են շենքեր, բարձրանում են կոթողներ, բայց լավագույն կոթողներից մեկն էլ համարվում է Արսեն Զաքարյանի նախաձեռնոթյամբ լուսընծայված այս հնգհատորյակը>>:
Հավելենք, որ “Գրական Արմավիր 2011-2013” ժողովածուն ընդգրկում է Արմավիրի, Էջմիածնի, Մեծամորի, Լեռնային Ղարաբաղի հանրապետության Շուշիի տարածաշրջանի տարբեր տարիքային խմբերի 142 ստեղծագործողների աշխատանքներ: