Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վերաբացվեց Նորապատ համայնքի մանկապարտեզը
19.10.2013
Այսօր մեծ հանդիսությամբ վերաբացվեց ՀՀ Արմավիրի մարզի Նորապատ համայնքի մանկապարտեզը: Վերաբացման արարողությանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, բարերար Հրանտ Սահակյանը, մարզի մտավորականության ներկայացուցիչներ և համայնքի մեծ թվով բնակիչներ: Հյուրերին դիմավորեցին աղ ու հացով, ազգային երգ ու պարով:
1975 թվականին կառուցված այս հաստատությունը գտնվում էր անմխիթար և ոչ բարեկարգ վիճակում: Այս տարի մանկապարտեզի հիմնանորոգման գործը նախաձեռնեց և իրականացրեց ծնունդով Նորապատից մոսկվաբնակ գործարար Հրանտ Սահակյանը: Բարերարի ուղեկցությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շրջեց ամբողջովին հիմնանորոգված, լոկալ ջեռուցման համակարգով և անհրաժեշտ գույքով ապահովված կառույցում, ծանոթացավ իրականացված աշխատանքներին, ստեղծված պայմաններին:
<< Ես ուղղակի հպարտություն եմ ապրում: Միանում եմ արդեն հնչած շնորհակալական խոսքերին, ուզում եմ մեր մարզի ողջ բնակչության անունից խորին երախտագիտություն հայտնել այս հրաշալի նվերը մատուցելու համար: Համոզված եմ, որ 22 տարվա պետականություն ունեցող երկիրը գնալու է դեպի հավերժություն: Մենք` հայերս, ապրելու ենք այնքան, քանի աշխարհը գոյություն ունի: Այսպիսի գործերն են մեզ ուժ տալիս, որ մենք կարողանում ենք գոյատևել ու առաջ ընթանալ: Խորին շնորհակալություն>>,- ասաց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
ՀՀ Արմավիրի մարզի Նորապատ համայնքի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման, մասնավորապես, համայնքի մանկապարտեզի հիմնանորոգման և հարակից տարածքի կառուցապատման գործում ներդրած մեծ ավանդի համար Հրանտ Սահակյանը պարգևատրվեց Արմավիրի մարզպետի պատվոգրով:
Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար` բարերար Հրանտ Սահակյանը նշեց. <<Այսօր բոլորիս պարտքն է մեր պապերից, ծնողներից ժառանգություն ստացած ավանդները արժանապատվորեն փոխանցել եկող սերունդներին, որպեսզի կարողանանք մեր ապագա ճանապարհն անցնել վստահ քայլերով: Սիրելի փոքրիկնե´ր, ձեզ մաղթում եմ անհոգ մանկություն ու կանաչ ճանապարհ >>:
Միջոցառմանը կատարումներով հանդես եկան ՀՀ վաստակավոր արտիստներ Արսեն Գրիգորյանը, Մկրտիչ Մկրտչյանը, Դավիթ Ամալյանը, Լեյլա Սարիբեկյանը և <<Սասնա Ծռեր>> ազգագրական երգի պարի անսամբլը: