Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սարդարապատ համայնքի միջնակարգ դպրոց էր այցելել ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպանը
23.10.2013
Սարդարապատ համայնքի միջնակարգ դպրոցն արդեն չորրորդ տարին է, ինչ համագործակցում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության / ԳԴՀ / Սաքսոնյա Անհատ նահանգի Հալե քաղաքի Հանս Քրիստիան Ռայլի անվան գիմնազիայի հետ: Այս տարիներին իրականացվել են փոխայցելություններ, կրթական ծրագրեր, որոնք նպաստել են ձևավորված հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը:
2012 թվականի սեպտեմբերի 27-ից կրթօջախում մեկնարկել է "Գերմաներեն լեզվի դիպլոմ" ծրագիրը, որի շրջանակներում դպրոցի սաները հանձնելով քննություններ գերմաներեն լեզվով` հնարավորություն կունենան ուսումը շարունակելու ԳԴՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Այս տարի կրթօջախի շրջանավարտներից 16-ը, բարեհաջող հանձնելով գերմաներեն լեզվի բանավոր և գրավոր քննությունները, արժանացել են B1 և A2 կարգի դիպլոմների՝ հնարավորություն ստանալով կրթությունը շարունակելու ԳԴՀ-ում:
"Գերմաներեն լեզվի դիպլոմ" ծրագրի շրջանակներում բարձր արդյունքեր ապահոված համապատասխան շրջանավարտներին նույանուն դիպլոմ հանձնելու և նրանց ողջունելու համար այսօր Սարդարապատ համայնքի միջնակարգ դպրոց էր այցելել Հայաստանում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը:
Դեսպանին կրթօջախում դիմավորեցին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մարզպետարանի աշխատակազմի կթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, Սարդարապատի միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Մանուկյանը, մանկավարժներն ու աշակերտները՝ բակում բացված առատ սեղանների շուրջ՝ լի աշնանային բերք ու բարիքով, ազգային ուտեստներով:
Ողջունելով դեսպան Ռայներ Մորելի այցը կրթօջախ՝ մարզզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց. <<Հարգարժան դեսպան, ես ցանկանում եմ Հայաստանի կառավարության և անձամբ իմ կողմից ի դեմս Ձեզ խորին շնորհակալություն հայտնել Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը կրթական այս հիանալի ծրագիրը Սարդարապատ համայնքի միջնակարգ դպրոցում իրականացնելու համար: Վստահ եմ, որ այս ծրագիրը կրթօջախի շրջանավարտներին նոր բարձրունքներ գրավելու և աշխարհը նորովի բացահայտելու լուրջ հնարավորություն կընձեռի>>:
Մինչ դիպլոմների հանձնումը՝ ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը շնորհակալություն հայտնեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանին, կրթօջախի տնօրինությանը, աշակերտներին և միջոցառման բոլոր մասնակիցներին ջերմ ընդունելության համար՝ ասելով. <<Ուրախ եմ դպրոցում ներկա գտնվելու և ընձեռված առիթի համար: Շնորհակալություն եմ հայտում դիպլոմ ստացողներին գերմաներն լեզուն սովորելու և բարդությունները հաղթահարելու համար: Համոզված եղեք, որ օտար լեզուների իմացությունը կմեծացնի ձեր աշխարհընկալումը>>, - իր խոսքում ընդգծեց դեսպանը և հանձն առավ Գերմաներեն լեզվի դիպլոմների շնորհումը:
Օրվա առթիվ դպրոցի սաները հանդես եկան ցուցադրական մարզական ելույթներով և երկու մշակույթները ներկայացնող պարային և երաժշտական կատարումներով: