Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բարեգործական և կորպորատիվ կազմակերպություններն աջակցում են կրթական ոլորտի զարգացմանը
31.10.2013
Անցնող տարվա ընթացքում «ԱրմենՏել» ընկերությունը Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ համատեղ աջակցել է Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանի Լեռնագոգ, Քարակերտ և Դալարիկ համայնքների բարեկարգման աշխատանքներին:
Նշված կազմակերպությունների պատասխանատուների ուղեկցությամբ հոկտեմբերի 30-ին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը շրջեցին համապատասխան համայնքներում, ծանոթացան կատարված աշխատանքներին:
Նշենք, որ «Ձեռներեցության ուսուցում և պրակտիկա պատանիների համար» ամառային դպրոց ծրագրի շրջանակում զգալի ներդրումներ են կատարվել Քարակերտ համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցում. վերանորոգել է դպրոցը և բարեկարգվել տարածքը:
<<Թթվածին դպրոցին>> ծրագրով վերակառուցվել է Լեռնագոգ համայնքի դպրոցի բակը: Միաժամանակ համայնքի գլխավոր կենտրոնը համալրվել է ոռոգման համակարգով, իրականացվել են կանաչապատման, աղբահանման և նստարանների տեղադրման աշխատանքներ: Համայնքի բնակիչներին էլ հատկացրել են ներկանյութեր՝ բարեկարգելու բնակելի տների մուտքերը:
Իրականացված ծրագրերի նպատակն է եղել նպաստել պատանիների ինքնագիտակցության բարձրացմանը` ամրապնդելով սերը սեփական համայնքի նկատմամբ և պատրաստակամությունն անձնական մասնակցությամբ նպաստելու համայնքի զարգացմանը:
Բարձր գնահատելով ծրագրերի արդյունքները` մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր խոսքում նշեց. <<Կատարվել է անգնահատելի գործ, որի համար շնորհակալություն ենք հայտնում ծրագրի նախաձեռնողներին և իրականացնողներին: Նմանատիպ ծրագրերը պայմաններ են ստեղծում մատաղ սերնդի կյանքն առավել բարեկեցիկ և գունեղ դարձնելու համար>>:
Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիր և խորհրդի ատենապետ Գարո Արմենն իր հերթին ավելացրեց` ասելով. «Այսօր տեսա, թե ինչպես է իրականություն դառնում Հիմնադրամի առաքելությունը. երեխաները իրենք են նախաձեռնում իրենց միջավայրի բարելավմանն ուղղված քայլեր՝ առանց սպասելու մեր միջամտությանը: Երախտապարտ եմ, որ այս կարևոր գործում մեր կողքին է նաև «ԱրմենՏել» ընկերությունը»:
«ԱրմենՏել» ընկերության սոցիալական քաղաքականության շրջանակում մշտապես առավելությունը տրվում է այն ծրագրերին, որոնք ուղղված են օգնելու մարդկանց փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը: Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ համատեղ իրականացված ծրագիրն այս ամենի վառ ապացույցներից մեկն է»,- ասաց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: