Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը

14.11.2013

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին մարզպետի տեղակալներ Լարիսա Մուրադյանը, Դավիթ Սամսոնյանը, Մովսես Քարտաշյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները, մարզի համայնքների ղեկավարները, ինչպես նաև ջրօգտագործող ընկերությունների տնօրենները:

Մինչ մարզխորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերը խորհրդի անդամների հաստատմանը ներկայացնելը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը տեղեկացրեց, որ Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 17-ամյակի կապակցությամբ նոյեմբերի 10-ին անցկացված "Տարվա լավագույն համայնք-2013" մրցանակաբաշխությանը լավագույն քաղաքային համայնք է ճանաչվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքը, հատուկ մրցանակի է արժանացել Մերձավան համայնքը, մշակութային լավագույն գյուղական համայնք է ճանաչվել Փարաքար համայնքը, իսկ մաքուր գյուղական համայնք` Լեռնագոգ համայնքը:

Մարզպետը շնորհավորեց "Տարվա լավագույն համայնք-2013" մրցանակաբաշխությանը պատվավոր մրցանակների արժանացած համայնքների ղեկավարներին` նրանց մաղթելով արդյունավետ աշխատանքային գործունեություն` ի շահ համայնքային տնտեսության առաջընթացի:

Նիստի օրակարգում ներառված հարցերի շրջանակում ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը նոյեմբերի 1-ի դրությամբ ներկայացրեց համայնքների սեփական եկամուտների հավաքագրման և աշխատավարձերի պարտքերի մարման գործընթացը, ապա նաև անդրադարձավ համայնքների 2014թ. բյուջեների կազմմանը:

Վ. Մկրտչյանի տեղեկացմամբ` հաշվետու ժամանակահատվածում մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների փաստացի մուտքերը նախատեսված 1 մլրդ 579 մլն 385 հազար դրամի դիմաց կազմել են 1 մլրդ 382 մլն 343 հազար դրամ, կատարողականը՝ 87,5տոկոս: Հավաքագրման մակարդակը 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 11,4 տոկոսով: Նա միաժամանակ տեղեկացրեց, որ նշված ժամանակահատվածում համայնքներում գոյացել է 4 մլն 420 հազար դրամի ընթացիկ աշխատավարձի պարտք:

Սեփական եկամուտների 50 տոկոսից ցածր հավաքագրում ապահոված և աշխատավարձերի ընթացիկ պարտքեր կուտակած համայնքապետերին մարզպետ Աշոտ Ղահրամանյանն առաջարկեց անել հնարավորը` մինչև տարեվերջ ապահովելու սեփական եկամուտների հավաքագրման սահմանված ցուցանիշը և տարին ամփոփելու առանց աշխատավարձերի պարտքերի:

Հիմք ընդունելով ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի համապատասխան հանձնարարականը` մարզպետը հավելյալ անգամ տեղեկացրեց համայնքների ղեկավարներին, որ մինչև նոյեմբերի 17-ը մարզպետարան ներկայացնեն հողի հարկի և գույքահարկի, ինչպես նաև վարձակալության տրամադրված հողի հարկի և գույքահարկի գծով խոշոր պարտավորություններ (500 հազ. դրամ և ավելի) ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց տվյալները` նոյեմբերի 1-ի դրությամբ:

Անդրադառնալով համյնքների 2014 թվականի բյուջեների կազմման գործընթացին` մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետը հայտնեց, որ համայնքապետարանների համապատասխան մասնագետներին տրվել են մեթոդական ցուցումներ գործընթացի վերաբերյալ և հիշեցրեց, որ դեկտեմբերի 20-ի դրությամբ համայնքների կազմված բյուջեները պետք է ներկայացված լինեն մարզպետարան:

Մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ծաղկանուշ Գրիգորյանը տեղեկատվություն ներկայացրեց մայիսի 12-ի կարկտահարությունից տուժած հողօգտագործողների զբաղվածության խթանման միջոցով նրանց գյուղացիական տնտեսությունների վերականգնման ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ` մասնավորապես նշելով, որ նոյեմբեր ամսվա դրությամբ ծրագրում ընդգրկված են 1319 մասնակիցներ, իսկ ծրագրի ընդհանուր արժեքը նույն ժամանակահատվածի համար կազմել է 115 մլն 654 հազար դրամ:

Ծ. Գրիգորյանը միաժամանակ տեղեկացրեց, որ գործընթացը շարունակվում է, և համայնքապետարաններից ստացված լրացուցիչ ցուցակներն ուղարկվել են Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարություն: Հողօգտագործողների հետ կնքվել են պայմանագրեր, և այժմ կատարվում են այգեթաղի աշխատանքներ, որոնք կավարտվեն նոյեմբեր ամսվա վերջին:

Օրակարգային հարցերի ավարտից հետո եղան նաև հայտարարություններ:
Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանն իր հայտարարությամբ ներկայացրեց Արմավիրի մարզում Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի /ՀԿՏՀ/ ներդրման և գործարկման ընթացքը` նշելով, որ մարզի համայնքապետարաններից 21-ում, այդ թվում` 3 քաղաքապետարաններում ներդրվել է ՀԿՏՀ և ապահովվել է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի գործարկումը, թվով 9-ը համայնքապետարաններում աշխատանքներ են տարվում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության անխափան գործարկման ուղղությամ, 11-ում ներդրվել է համակարգը և ավարտին է մոտենում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության գործարկումը, իսկ ևս 15-ում աշխատանքներ են տարվում մինչև տարեվերջ համակարգի ներդրման ուղղությամբ:

Նա ներկայացրեց նաև մարզի մյուս համայնքապետարաններում իրականացվող աշխատանքները և առաջարկեց համայնքապետերին ակտիվացնել համակարգի ներդրման, ինչպես նաև ամբողջական և արդյունավետ շահահագործմանն ուղղված գործընթացը:

Հայտարարությամբ հանդես եկավ նաև մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը` տեղեկացնելով, որ Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականի համաձայն հաստատվել է միջոցառումների ծրագիր` Բնապահպանության նախարարի, Ոստիկանության պետի, Արմավիրի և Արարատի մարզպետների համատեղ մասնակցությամբ Արարատյան դաշտավայրում տեղակայված ապօրինի հորատանցքերի հորոտման աշխատանքների նկատմամբ համատեղ հսկողություն իրականացնելու նպատակով: Ա. Այվազյանը ներկայացրեց ծրագրով նախատեսված հիմնական գործողությունները, այդ թվում` համայնքապետերին վերապահված գործառույթները:

Ամփոփելով մարզխորհրդի նիստը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կոչ արեց համայնքների ղեկավարներին ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների  կատարմանը, ինչպես նաև  բարձր հիմքերի վրա պահել աշխատանքային և կատարողական կարգապահությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:45:23