Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եռատոն՝ Այգեշատի Յուրա Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցում

19.11.2013

ՀՀ Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի Յուրա Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցում այսօր եռակի տոն էր. նշվում էր դպրոցի հիմնադրման 90-ամյակը, միջնակարգ դառնալու 50-ամյակը և նույն համայնքի արժանավոր զավակ, Արցախյան պատերազմի փառահեղ հերոս Յուրա Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակը:

Տոնական օրվա առթիվ 90-ամյա կրթօջախն իր հյուրըկալ հարկի ներքո էր համախմբել դպրոցի կայացման ակունքներում կանգնած մեծ թվով մանկավարժների, ուսումնական տարբեր տարիների սաներին, այդ թվում՝ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին, մարզում և հանրապետությունում իրենց գործունեությամբ հայտնի այգեշատցիների ու հյուրերի:
Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին բացակաների հիշատակը, ապա ծաղիկներ խոնարհեցին Յուրա Հովհաննիսյանի հուշաքարին:

Այգեշատ համայնքի կյանքում կարևոր տոնակատարության առթիվ ներկաներին շնորհավորեց և բարեմաղթեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը՝ ասելով. <<Օրը շատ հուզումնալից է, քանի որ ես ինքս եղել եմ այս դպրոցի սան: Շնորհավորում եմ բոլորին մեր դպրոցի հիմնադրման 90, միջնակարգ դպրոցի` 50 և դպրոցի արժանի զավակներից մեկի`Յուրա Հովհաննիսյանի 60-ամյակի առթիվ:

Մեր գյուղը հպարտանալու շատ առիթներ ունի, որը գալիս է գյուղի բնակիչների միասնական լինելուց, և այս գաղափարը պետք է փոխանցվի մեր երիտասարդներին՝ այդպիսով հավերժացնելով մեր ավանդույթները... Այգեշատցին չպետք է տրտնջա, քանի որ նա ուժեղ, քարից հաց քամող, մարդկանց պահող ժողովուրդ է:
Եկեք միասին կերտենք մեր երկիրը, քանի որ անկախության 20 տարիներն իրավունք են տալիս գնալ հավերժություն և ապրել արժանապատիվ կյանքով: Շնորհավոր տոնդ, Այգեշատ>>:

Օրվա առթիվ այգեշատցիներին շնորհավորանքի խոսք հղեց նաև համայնքի բազմամյա ղեկավար Արամայիս Մխիթարյանը՝ մասնավորապես ընդգծելով, որ եռատոնն իր մեջ ամփոփում է համայնքի պատմության կարևորագույն էջերը, որոնք պսակվել են փառքով ու պատվով. <<Մենք հպարտանում ենք այս կամարների ներքո կրթված, դաստիարակված, բազում ոլորտներ ճանապարհված մեր համագյուղացիներով: Համոզված եմ, որ մեր դպրոցը պատվով շարունակելու է այս ավանդույթը…

Հարգելի ներկաներ, Արցախյան ազատամարտում հերոսացած Յուրա Հովհաննիսյանի ծննդյան հոբելյանը նշելով՝ մենք ամրագրում ենք մեր համայնքի հայրենասիրությունը և կարևոր մասնակցությունն Արցախյան հերոսամարտին: Թող Յու. Հովհաննիսյանի և համայնքի մյուս ազատամարտիկների հերոսական ոգին ուղեկից լինի բոլորիս և դաս՝ մատաղ սերնդին>>,- իր խոսքում նշեց համայնքապետը:

Դպրոցի հիմնադրմանը և գործունեությանն անդրադարձավ տնօրեն Արմենակ Սարդարյանը՝ իր շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնելով կրթօջախի անունը և պատիվը բարձր պահած մանկավարժներին և սաներին: Յուրա Հովհաննիսյանի մասին կարևոր և հետաքրքրական հիշողություններով կիսվեց նրա մանկության ընկեր Վաչիկ Ղազարյանը:
Օրվա առթիվ տեղի ունեցավ նաև տոնական միջոցառում՝ կրթօջախի սաների մասնակցությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:45:23