Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակության անդամ Դիրկ Լորենցին
20.11.2013
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության խորհրդական, քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցին: Ողջունելով հյուրին՝ մարզպետը կարևորեց Հայաստանում ԵՄպատվիրակության նախաձեռնությամբ իրականացվող մարզային այցելությունները և տարբեր մակարդակներով տեղի ունեցող հանդիպումները:
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը Դիրկ Լորենցին ընդհանուր տեղեկություններ ներկայացրեց մարզը բնորոշող առանձնահատկությունների վերաբերյալ, ապա խոսեց մարզում գրանցված դեմոգրաֆիկ աճի, իրականացված ծրագրերի, հիմնական ձեռքբերումների և առաջիկա անելիքների մասին՝ այդ համատեքստում առանձնակի կարևորելով ազգաբնակչության կենսամակարդակի բարձրացումը:
Այնուհետև զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանում ԵՄ գործունեության, մասնավորապես Արևելյան գործընկերության վերբերյալ: ԵՄ հայաստանյան պատվիրակության պաշտոնյային հետաքրքրեց նաև մարզպետ Աշոտ Ղահրամանյանի վերաբերմունքը Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ, որին ի պատասխան մարզպետը հայտնեց, որ կիսում է երկրի բարձրագույն իշխանության մտադրությունը, որը, ըստ նրա, չի խոչընդոտի ԵՄ-ի հետ ձևավորված հարաբերությունների զարգացմանը:
Հանդիպման ավարտին երկուստեք կարևորվեց տարբեր ծրագրերի շուրջ գործակցությունը և փոխհարաբերությունների ակտիվացումը: